Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը, որից հետո զրուցակիցները քննարկել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով բարեկամական կապերի ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ամուր գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքեր գործադրելու պատրաստակամությունը:
Անդրադարձ է կատարվել նաեւ առաջիկա ծրագրերին:
«ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության անխախտելիության առնչությամբ ԻԻՀ հաստատուն դիրքորոշումը»,-ասվում է հաղորդագրության մեջ։