Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի օրը ուխտավորների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում կրոնական ազատության հնարավոր սպառնալիքների վերաբերյալ։ Նա քննադատել է Ուկրաինայում ընդունված օրենքը, որն արգելում է Ռուսաստանի հետ կապված կրոնական կազմակերպությունների գործունեությունը։ Պապի խոսքերը, մասնավորապես, մեջբերում են France Presse-ը եւ Vatican News-ը։
Պապը հայտարարել է, որ մտածում է Ուկրաինայում վերջերս ընդունված օրենքի մասին եւ «մտահոգություն ունի աղոթողների ազատության համար»:
«Նա, ով աղոթում է, միշտ աղոթում է բոլորի համար, անհնար է չարիք գործել։ Եթե ինչ-որ մեկը չարություն գործի իր ժողովրդի դեմ, նա մեղավոր կլինի դրա համար, բայց նա չի կարող չարություն գործել, քանի որ նա աղոթել է»,-ասել է Պապը եւ ավելացրել․ «Հետեւաբար նա, ով ուզում է աղոթել, թող աղոթի այն Եկեղեցում, որն իրենն է համարում։ Խնդրում եմ ուղղակի կամ անուղղակիորեն պետք չէ վերացնել ոչ մի քրիստոնեական եկեղեցի։ Եկեղեցիներն անձեռնմխելի են»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի Անկախության օրվան ընդառաջ ստորագրել է Գերագույն Ռադայի կողմից օգոստոսի 20-ին ընդունված օրինագիծը, որը երկրում արգելում է Ռուսական ուղղափառ եկեղեցու եւ դրա հետ կապ ունեղող կառույցների գործունեությունը։ Այս ձեւակերպումը, ըստ ուկրաինական իշխանությունների, վերաբերում է Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն (ՈւՈւԵ), որը նախկինում հայտնի էր որպես Մոսկովյան պատրիարքարանի ուկրաինական ուղղափառ եկեղեցի։ Կառույցին տրվել է ինը ամիս ժամանակ որպեսզի ապացուցի, որ կապ չունի Մոսկվայի հետ։
ՈւՈւԵ-ն նշում է, որ եկեղեցին արդեն անկախ է Մոսկվայից, իսկ համապատասխան որոշումը կայացվել է Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից անմիջապես հետո։ Միեւնույն ժամանակ եկեղեցին պաշտոնապես չի հայտարարել աֆտոկեֆալի կամ ինքնավարություն մասին՝ պառակտիչի որակավորում չստանալու համար։ Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ վերլուծելով անհրաժեշտ փաստաթղթերը, եկել են այն եզրակացության, որ ՈւՈւԵ-ն դեռ կապված է Ռուսաստանի հետ։ Բացի այդ, քրեական գործեր են հարուցվել նրա մի շարք վարդապետների եւ քահանաների դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցության կասկածանքով։