Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի Կուրսկի մարզում հարձակողական գործողություններից հետո գերի են վերցրել ավելի քան 240 ռուս զինվորականի, այս մասին գրում է The Washington Post-ը:
Պարբերականի լրագրողները վերլուծել են ուկրաինական բանակի օգոստոսի 6-ից մեկնարկած հարձակման ավելի քան 130 լուսանկար եւ տեսանյութ։
Վերլուծության համար լրագրողները ներառել են ուկրաինացի զինվորականների կողմից սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերը, ինչպես նաեւ Washington Post-ի լուսանկարչի կողմից ռուս զինվորների պահման վայրերում արված լուսանկարները։
Ընդհանուր ուսումնասիրությունից հետո հայտնաբերվել է, որ ռուս գերեվարված անձանց թիվը հասնում է 247-ի։ Պարբերականի ուսումնասիրված յոթ տեսանյութերում բանտարկյալներն իրենց անվանում են ժամկետային զինծառայողներ։
Washington Post-ը նշում է, որ լրագրողները չեն ստուգել գերեվարված անձանց բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք շարունակում են հայտնվել համացանցում, եւ եզրակացրել են, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ գերի ընկած ռուս զինվորների իրական թիվը «շատ ավելի մեծ է»։
Պարբերականը ներկայացնում է ռուս զինվորականների զանգվածային գերեվարման երկու օրինակ։ Առաջինը դա Կուրսկի մարզի Սուջանսկի շրջանի սահմանամերձ Սվերդլիկովո գյուղում նկարահանված դեպքն է, որտեղ, ըստ հաշվարկների գերեւարվում է մոտ 29 ռուս զինվորական։ Իսկ երկրոդ դեպքում՝ Սուջայի սահմանային անցակետի մոտ նկարահանված այլ տեսանյութերում երեւում է, որ գերի են վերցրել առնվազն 40 ռուս զինվորական:
Պարբերականը նաեւ մեջբերում է Ուկրաինայի հյուսիս-արեւելքում գտնվող բանտի ղեկավարի հայտնած տեղեկությունը, որտեղ պահվում էին ռուս զինվորականները, ովքեր գերի էին ընկել Ուկրաինայի զինված ուժերի գործողության ընթացքում։ Նա լրագրողներին պատմել է, որ վերջին 10 օրվա ընթացքում 320 ռուսներ նախ բերվել են բանտ, ապա ուղարկվել Ուկրաինայի այլ ճամբարներ։ Ըստ բանտի տնօրենի՝ նրանց մոտ 80 տոկոսը ժամկետային զինծառայողներ են։ Ուկրաինայի եւ Ռուսաստանի իշխանությունները չեն հայտնել, թե քանի ռուս զինվոր է գերի ընկել Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ։
Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից երկու ամիս առաջ՝ հունիսի 5-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայում գերության մեջ է գտնվում 1348 ռուս, իսկ Ռուսաստանում՝ 6465 ուկրաինացի զինվորական։
Օգոստոսի 24-ին Ռուսաստանն ու Ուկրաինան կատարել էին Կուրսկի մարզում մարտերի ժամանակ գերեւարված զինվորականների առաջին փոխանակումը՝115-ը 115-ի դիմաց բանաձեւով։
Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան պարզաբանել է, որ բոլոր ազատ արձակված ռուս զինվորները ժամկետային զինծառայողներ են եղել, որոնց մեծ մասը գերեվարվել է Կուրսկի շրջանում։