Իսրայելն անխուսափելիորեն պատասխան կստանա Իրանից Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր իտալացի գործընկեր Անտոնիո Տայանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը Թեհրանում Սիոնիստական ռեժիմի ահաբեկչությանը մոտալուտ, ճշգրիտ եւ մտածված կլինի։ Ի տարբերություն Սիոնիստական ռեժիմի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում սրելու լարվածությունը, թեեւ չի վախենում դրանից»,-Արաղչիի խոսքերը մեջներում է Իրանի արտգործնախարարությունը։
Տայանին էլ իր հերթին բոլոր կողմերից պահանջել է զսպվածություն ցուցաբերել եւ մտահոգություն է հայտնել Մերձավոր Արեւելքում աճող անկայունության կապակցությամբ։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի եւ Բեյրութում շիայական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թեւի հրամանատար Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։
Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ «Հեզբոլլահը» կատարվածի համար մեղադրել են Իսրայելին եւ հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:
Հրեական պետության իշխանությունները չեն մեկնաբանում Հանիեի մահը, իսկ Շոկրի սպանությունը կոչվել է «պատասխան Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդ ալ-Շամս բնակավայրի հրթիռակոծությանը», ինչի արդյունքում 12 երեխա է զոհվել։ «Հեզբոլլաը» հերքել է իր կապը հրթիռային հարվածի հետ։