Ուկրաինայի վրա ռուս զինվորականների այսօրվա հարձակման ժամանակ օբյեկտներից մեկը հատել է Լեհաստանի օդային տարածքը եւ հավանաբար ընկել Լեհաստանի տարածքում։ Այս մասին գրում է Reuters-ը հղում կատարելով լեհական PAP պետական գործակալությանը։ Գործակալությունը նաեւ հայտնում է, որ այժմ որոնողական աշխատանքներ են տարվում անհայտ օբյեկտի հայտնաբերման համար, որը ըստ նախնական գնահատականի չի եղել հրթիռ։
Polsat News-ը մեջբերում է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատար, գեներալ Մաչեյ Կլիսին, ում խոսքով՝ օբյեկտի գտնվելու վայրը Լեհաստանի օդային տարածքում հաստատել են առնվազն երեք ռադիոտեղորոշիչ կայանների ռադարները։
Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 26-ին ռուսական բանակը տարբեր տեսակի ավելի քան հարյուր հրթիռներ եւ մոտ հարյուր անօդաչու թռչող սարքեր է արձակել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների հարձակման հետեւանքով զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ մոտ 20-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՌԴ Զինված ուժերի հրթիռային հարձակումը անվանել է պատերազմի սկզբից ի վեր տեղի ունեցածների շարքում «ամենամեծերից մեկը»։
«Ինչպես ռուսական նախորդ հարվածներից շատերը, այս մեկը նույնքան ստոր է, որը թիրախավորում է կարեւոր քաղաքացիական ենթակառուցվածքները՝ մեր շրջանների մեծ մասում՝ Խարկովի մարզից ու Կիեւից մինչեւ Օդեսա եւ արեւմտյան շրջաններ»,-ասել է Զելենսկին տեսաուղերձում։
Ուկրաինայի նախագահի խոսքով, հարձակման հետեւանքով «լուրջ վնասներ են հասցվել էներգետիկ ոլորտին», սակայն, նրա խոսքով, այն շրջաններում, որտեղ էլեկտրաէներգիայի անջատումներ են լինում, վերականգնման աշխատանքներն արդեն ընթանում են։
«Պուտինն ինքն իրեն չի դավաճանում. վաղուց բոլորի համար պարզ է, որ սա հիվանդ արարած է։ Բայց նաեւ պարզ է այն, որ նա կարող է անել միայն այն, ինչ իրեն թույլ է տալիս աշխարը։ Թուլությունն ու որոշումների անբավարարությունը ի պատասխան սնուցում են ահաբեկչությանը: Եվ մեր յուրաքանչյուր ղեկավար, յուրաքանչյուր գործընկեր գիտի, թե ինչ ուժեղ որոշումներ են անհրաժեշտ այս ամբողջ պատերազմը դադարեցնելու եւ այն արդարացիորեն դադարեցնելու համար։ Ուկրաինայի համար հեռահարության սահմանափակումներ չեն կարող լինել, երբ ահաբեկիչները նման սահմանափակումներ չունեն։ Կյանքի պաշտպանները չեն կարող զենքի սահմանափակումներ ունենալ, երբ Ռուսաստանը օգտագործում է իր բոլոր զինատեսակները, «շահեդները» եւ Հյուսիսային Կորեայից բերված բալիստիկները։ Ամերիկան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ մյուս գործընկերները ի զորու են օգնել մեզ դադարեցնել ահաբեկչությունը»,-եզրափակել է Զելենսկին: