Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին օգոստոսի 27-ին կայցելի Կուրսկի ատոմակայան՝ անձամբ գնահատելու այնտեղ տիրող իրավիճակը։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
«Կուրսկի ատոմակայանի մոտ նոր զարգացումների եւ ռազմական ակտիվության աճի լույսի ներքո ես ուշադիր հետեւել եմ իրավիճակին, հատկապես, երբ այն վերաբերում է կայանին: […] Իրավիճակը անընդհատ փոխվում է։ Կարեւոր է, որ վաղը ատոմակայանում ես ինքս տեսնեմ, թե ինչ է կատարվում եւ քննարկեմ հետագա գործողությունների եղանակները, որոնք կարող են պահանջվել Կուրսկի ԱԷԿ-ի ֆիզիկական եւ միջուկային անվտանգության պայմանները գնահատելու համար»,-ասվում է Գրոսսիի հայտարարության տեքստում։
Նրա խոսքով՝ զինված հակամարտությունների ժամանակ միջուկային անվտանգության սկզբունքները, ինչպես նաեւ հատուկ Զապորոժիեի ԱԷԿ-ի համար մշակված սկզբունքները կարող են կիրառվել նաեւ Կուրսկի ԱԷԿ-ի նկատմամբ։
Գրոսսին օբյեկտի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է անվանել եւ ընդգծել, որ ԱԷՄԳ -ն հոգ է տանում բոլոր ատոմակայանների միջուկային եւ ֆիզիկական անվտանգության մասին։ Նրա խոսքով՝ գործակալությունը ինքնուրույն գնահատական կտա կայանում տիրող իրավիճակին, ինչը հնարավոր է միայն այնտեղ մեկնելով։
Կուրսկի մարզում օգոստոսի 6-ից շարունակվող Ուկրաինայի զինված ուժերի հարձակողական գործողությունների համատեքստում Գրոսսին ավելի վաղ հայտարարել էր, որ ԱԷԿ-ի վնասման վտանգը շատ լուրջ է։ Նա հայտարարել է կայան այցելելու պլանների մասին, դրա ղեկավարության հետ զրուցելու եւ պարզելու, թե արդյոք հարձակումներ են իրականացվել կայանի դեմ: ԱԷՄԳ ղեկավարը այդ ժամանակ հայտնել էր նաեւ, որ մտադիր է Կուրսկի շրջանից հետո այցելել Կիեւ։