Ռուսաստանի բժշկական հանրության ներկայացուցիչները հայտարարություն են ուղարկել Քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել եւ պատասխանատվության ենթարկել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մեղավորներին։
«Ակնհայտ է, որ Ալեքսեյ Նավալնիի մահը տեղի է ունեցել Դաշնային քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների անփույթ կատարման հետեւանքով»,- ասվում է դիմումում, որը ստորագրել են 97 բժիշկներ։
Նամակի հեղինակները վկայակոչում են Քննչական կոմիտեի վերջին որոշումը, որը հրապարակել է ընդդիմադիր գործչի այրի Յուլյա Նավալնայան։ Դրանում նշվում է, որ քրեակատարողան հիմնարկում Նավալնիի մահվան պատճառը եղել է «համակցված հիվանդությունը՝ հիպերտոնիան, որը դրսեւորվում է անոթային եւ օրգանների վնասվածքներով, միոկարդիոսկլերոզի դիֆուզիայով, որն էլ բարդանում է ուղեղային այտուցի զարգացմամբ, փորոքային ֆիբրիլյացիայով, թոքային այտուցով»։
Ըստ բժիշկների՝ օրգանների նման վնասը զարգանում է երկարատեւ «հիպերտոնիայով՝ արյան ճնշման ընդգծված աճով»։ Այս ախտանիշների հայտնաբերման դեպքում քրեակատարողական հիմնարկի բժիշկները պետք է Նավալնիին հակահիպերտոնիկ թերապիա նշանակեին եւ արգելեին նրան պատժախուց ուղարկել։
«Սակայն, Ալեքսեյին հակահիպերտոնիկ թերապիա չի նշանակվել, նա շարունակել է պարբերաբար ուղարկվել պատժախուց, չնայած առկա բժշկական հակացուցումներին, որոնք ի վերջո հանգեցրել են հիպերտոնիայի այնպիսի լուրջ բարդությունների, ինչպիսիք են թոքային այտուցը, ուղեղային այտուցը, փորոքային ֆիբրիլյացիան եւ մահը»,- եզրակացնում են բողոքի հեղինակները։
Բժշկական համայնքը նման կոչով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Մենք՝ բժշկական հանրությունը, բազմիցս հրավիրել ենք ձեր ուշադրությունը Ալեքսեյ Նավալնիին որակյալ բժշկական օգնություն տրամադրելու անհրաժեշտության եւ Ալեքսեյին պատժախուց բազմիցս ուղարկելու անթույլատրելիության վրա։ Մեր բոլոր դիմումներն ուղարկվել են ստորին մարմիններ, որտեղից ստացել ենք միայն պաշտոնական պատասխաններ։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ Ալեքսեյ Նավալնիի մահվան պատճառը ոչ բռնի է, դուք դրա համար պատասխանատու եք, քանի որ անտեսել եք Ալեքսեյի կալանքի պայմաններից կյանքին սպառնացող վտանգի մասին բժշկական հանրության փորձագիտական կարծիքը»,-ասվում է նամակում։