Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին առաջին անգամ մեկնաբանել էր օգոստոսի 24-ին Փարիզի օդանավակայանում Տելեգրամի հիմնադիր տնօրեն Պավել Դուրովի ձերբակալությունը։
X-ի էջում կտարած գրառման մեջ Մակրոնը հերքում է բոլոր այն հայտարարությունները, որ Ֆրանսիան Դուրովի ձերբակալությունով սահմանափակում է խոսքի ազատությունը, եւ պնդում՝ իրավական պետության ներսում ազատությունները պահպանվում են նաեւ սոցիալական ցանցերում։
«Պավել Դուրովի ձերբակալությունից հետո Ֆրանսիայի վերաբերյալ կեղծ տեղեկություններ եմ տեսել։ Ֆրանսիան խորապես հավատարիմ է խոսքի եւ հաղորդակցության ազատությանը, նորարարությանը եւ ձեռներեցության ոգուն: Այդպես լինելու եւ հետագայում։ Իրավական պետությունում ազատությունները պահպանվում են իրավական շրջանակներում, ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ իրական կյանքում՝ քաղաքացիներին պաշտպանելու եւ նրանց հիմնարար իրավունքները հարգելու համար»,-գրել է Ֆրանսիայի նախագահը:
Մակրոնը նաեւ նշում է, որ Տելեգրամի սեփականատիրոջ ձերբակալությունը կատարվել է դատական հետաքննության շրջանակներում եւ այն քաղաքական չէ։
«Օրենքի կիրառումը լիովին անկախ դատական իշխանության գործն է: Ֆրանսիական հողի վրա Տելեգրամի նախագահի ձերբակալությունը տեղի է ունեցել ընթացող դատական հետաքննության շրջանակում։ Դա որեւէ կերպ քաղաքական որոշում չէ։ Այդ հարցով րոշումը պետք է կայացնեն դատավորները»,-ասվում է Մակրոնի գրառման մեջ։
Նշենք, որ նախօրեին Դուրովի ձերբակալության հետ կապված պաշտոնական հաղորդագրություն տարածել էր նաեւ Ֆրանսիայի դատախազությունը։ Դրանում նշվում է, որ ձերբակալությունը կատարվել է կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից հուլիսի 8-ին հարուցված քրեական հետաքննության շրջանակներում։
Հաղորդագրության համաձայն Դուրովին առաջադրվել է 12 կետից բաղկացած մեղադրանք, որոնց թվում է լիազոր մարմինների հետ հաղորդակցությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար համագործակցության հրաժարումը, անչափահասների պոռնոգրաֆիկ պատկերներ տարածելու մեջ մասնակցությունը, թմրամիջոցների տարածեումը, փողերի լվացումը, կիբերհանցագործություններին նպաստելը եւ այլն։