ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին հասցված զանգվածային ավիահարվածները։
«Ես խստորեն դատապարտում եմ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմը եւ ուկրաինացիներին խավարի մեջ թողնելու Ռուսաստանի փորձերը: Ռուսաստանը երբեք հաջողության չի հասնի Ուկրաինայում: Նա չի կարողանա կոտրել ուկրաինացի ժողովրդի ոգին», — ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակել է Սպիտակ տան կայքէջը:
Իր հայտարարության մեջ նախագահ Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ի գլխավորած ավելի քան 50 երկրների կոալիցիան Ուկրաինային տրամադրում է երկրի պաշտպանության համար կարեւոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Դրանում նաեւ ավելացվում է, որ Վաշինգտոնի համար առաջնայինը Կիեւին նման համակարգերի մատակարարելն է։ Բացի այդ, նշվում է հայտարարության մեջ, Միացյալ Նահանգները Ուկրաինա է ուղարկում նաեւ սարքավորումներ՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերանորոգման եւ պահպանման համար։
ԱՄՆ նախագահ Բայդենը վստահեցրել է ուկրաինացիներին, որ Միացյալ Նահանգները անդրդվելի է Ուկրաինային աջակցելու հարցում։ Այդ աջակցությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի հաղթել, ասվում է հայտարարության մեջ։