Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին ժամանել է Կուրչատով քաղաք, որտեղ գտնվում է Կուրսկի ատոմակայանը։
ԱԷՄԳ-ն նախօրեին տարածել էր Գրոսսիի հայտարարությունը՝ որտեղ նա հայտարարել էր Կուրսկի ատոմակայան այցելելու պատրաստակամության մասին։
«Կուրսկի ատոմակայանի մոտ նոր զարգացումների եւ ռազմական ակտիվության աճի լույսի ներքո ես ուշադիր հետեւել եմ իրավիճակին, հատկապես, երբ այն վերաբերում է կայանին: […] Իրավիճակը անընդհատ փոխվում է։ Կարեւոր է, որ վաղը ատոմակայանում ես ինքս տեսնեմ, թե ինչ է կատարվում եւ քննարկեմ հետագա գործողությունների եղանակները, որոնք կարող են պահանջվել Կուրսկի ԱԷԿ-ի ֆիզիկական եւ միջուկային անվտանգության պայմանները գնահատելու համար»,-ասվում է Գրոսսիի հայտարարության տեքստում։
Կուրսկի մարզում օգոստոսի 6-ից շարունակվող Ուկրաինայի զինված ուժերի հարձակողական գործողությունների համատեքստում Գրոսսին ավելի վաղ հայտարարել էր, որ ԱԷԿ-ի վնասման վտանգը շատ լուրջ է։ Նա նաեւ հայտարարել էր կայան այցելելու պլանների մասին, դրա ղեկավարության հետ զրուցելու եւ պարզելու, թե արդյոք հարձակումներ են իրականացվել կայանի դեմ: ԱԷՄԳ ղեկավարը այդ ժամանակ հայտնել էր նաեւ, որ մտադիր է Կուրսկի շրջանից հետո այցելել Կիեւ։