«Աշանային ձայներ» երգչախումբը միավորել է 60 եւ ավելի տարեկան երաժշտասեր ու տաղանդավոր կանանց։ Շուրջ 30 անդամ ունեցող երգչախմբում տարբեր մասնագիտություններ ունեցող (գծագրող-կոնստրուկտոր, տնտեսագետ, նկարիչ, թարգմանիչ․․․) կենսաթոշակառուներ են։ Նրանց միավորում է ազգային երգի հանդեպ ունեցած մեծ սերը։ Շաբաթը մեկ անգամ՝ երեքշաբթի օրերին՝ ժամը 13:30-15:00-ն, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի են ունենում փորձերը։
1990-ականներին ստեղծվել է «Հնաբնակ երեւանցիներ» ասոցիացիան, որի անդամների ջանքով կազմավորվել է երգչախումբը։ Առաջին խմբավարը եղել է Կառլեն Բաբայանը։ 2018 թվականից խմբավարն Աստղիկ Խաչատրյանն է։ Երգացանկում կա ավելի քան 50 ստեղծագործություն (հիմնականում հայկական ժողովրդական երգեր, կոմիտասյան մշակումներ):
Երգչախումբը համերգային կատարումներով հանդես է եկել ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում՝ Վանաձորի, Գյումրու տարեցների խնամքի կենտրոններում։ «Աշնանային ձայներ»-ը, ցավոք, չի կարողանում սեփական միջոցների հաշվին հաճախակի մեկնել մարզեր։
Երգչախումբը տարբեր տարիներին մենահամերգներ է ունեցել «Նարեկացի» արվեստի միությունում։ «Աշնանային ձայներ»-ն ակտիվորեն համագործակցում է Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի հետ։ Ցավոք, երգիչները տարազներ չունեն, ճերմակ վերնաշապիկ ու սեւ շրջազգեստ են հագնում։
Երգչախումբը դիմել է դրամաշնորհային ծրագրերի, բայց դեռ դրական որեւէ արձագանք չի ստացել։
73-ամյա Մարիամ Մանրիկյանը 2017 թվականից երգում է երգչախմբում։ Ասում է՝ այն տարեց կանաց թեւեր է տալիս։ Ինքը մասնագիտությամբ ինժեներ-տեխնոլոգ է, բայց հմուտ ու համբերատար խմբավարի շնորհիվ երաժշտարվեստի վերաբերյալ շարունակաբար նոր գիտելիքներ է ստանում։
77-ամյա Ալվարդ Մանուկյանը մասնագիտությամբ գծագրող-կոնստրուկտոր է, հիմա վաստակած հանգիստն է վայելում։ Վեց տարի առաջ է երգչախմբում ներգրավվել։
«Այնտեղ ոչ միայն կյանքի նոր շունչ ու գույներ, այլեւ ընկերուհիներ եմ գտել։ Երանի հովանավորներ գտնվեին ու կարողանայինք ավելի շատ համերգների մասնակցել: Այս երգչախումբի շնորհիվ նոր զբաղմունք ենք գտել»,- ասում է Ալվարդ Մանուկյանը։
70-ամյա Գայանե Ազոյանն էլ երգչախմբի համերգներն է վարում, ասմունքում։ Նա 40 տարի բանկային համակարգում է աշխատել, ֆինանսիստ է։
«Երկար տարիներ աշխատած քաղաքացու համար չափազանց դժվար է աշխատանքից զրկվելուց հետո անընդհատ չորս պատի մեջ նստելը։ Մարդը ձանձրանում է այդ միապաղաղությունից։ Մեր կյանքում մեծ դերակատարում ունի այս երգչախումբը, որտեղ տաղանդավոր, ինտելեկտուալ մարդիկ են հավաքված։ Նրանց հետ շփվելը շատ հաճելի է։ Ես ուրախ եմ, որ այս մեծ ընտանիքի անդամն եմ»,- պատմում է Գայանե Ազոյանը։
«Աշնանային ձայներ»-ի խմբավար Աստղիկ Խաչատրյանը նվիրումով է աշխատում տարեցների հետ։ Քանի որ երգչախումբը սիրողական է, կան տարբեր տվյալներ ունեցող մարդիկ, ուստի համագործակցությունը երբեմն դժվարանում է։ Մյուս խնդիրն էլ այն է, որ խմբի անդամներից ոմանք կարող են բացակայել փորձերից։ Օրինակ՝ ձմռանը փողոցներն ու մայթերը սառցակալած են լինում, վախենում են տնից դուրս գալուց, ոմանք էլ հաճախ են հիվանդանում․․․ Այսուհանդերձ, ակտիվ աշխատանքի, աշխատասիրության շնորհիվ դժվարությունները հաղթահարվում են։
Խմբավարը տարեցերին նմանեցնում է երեխաներին․ նույնիսկ չարաճճիություն են անում, խոսում փորձի ընթացքում, բայց նրանց հետ համագործակցելը շատ հաճելի է։
«Մեր երգչախումբն, իսկապես, մի մեծ ընտանիք է։ Երբեմն փորձից հետո միասին գնում ենք թատրոն, կինո, ցուցահանդես, սրճարան, համերգ ունկնդրելու։ Երբեմն էլ էքսկուրսիաներ ենք ունենում։ Երբ մեկը հիվանդանում է, ընկերուհիները գնում, խնամում են նրան։ Ահա այսպիսի ջերմ հարաբերություններ ունեն երգչախմբի անդամները»,- պատմում է Աստղիկ Խաչատրյանը։
Նա հիշեցնում է՝ երբեք ուշ չէ երգելու, կյանքն արվեստով լցնելու համար։ Այն տարեց կանայք, որոնք ունեն ձայնային տվյալներ եւ ուզում են դառնալ «Աշնանային ձայներ» մեծ ընտանիքի անդամ, կարող են երեքշաբթի օրերին՝ 13։30-15։00-ն այցելել «Նարեկացի» արվեստի միություն (հեռ՝ 010 580 105)։
«Մեր երգչախումբը սիրողական է, ուստի պարտադիր չէ, որ երգողն ունենա երաժշտական կրթություն։ Որոշ անդամներ մեր ելույթները լսելուց հետո են միացել մեզ։ Կան տարեցներ, որոնք միշտ երազել են երգել, բայց հնարավորություն չեն ունեցել․ համեցե՛ք, դարձե՛ք մեր երգչախմբի անդամ։ Սիրով կընդունենք ձեզ», եզրափակում է խմբավար Աստղիկ Խաչատրյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։