Գազայի հատվածում հրադադարի հաստատման հնարավորության շուրջ բանակցությունները կշարունակվեն Կահիրեում առնվազն մի քանի օր, իսկ Իսրայելի եւ շիայական «Հեզբոլլահի» միջեւ զանգվածային հրթիռային հարվածների փոխանակումը չի ազդել բանակցային գործընթացի վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Կիրբին։
«Մենք ակնկալում ենք, որ այս աշխատանքային խմբային քննարկումները կշարունակվեն առաջիկայում, եւ կտեւն եւս մի քանի օր։ Ինչ վերաբերում է հանգստյան օրերին տեղի ունեցած հարձակումներին, ապա Կահիրեի բանակցությունների վրա ոչ մի ազդեցություն դա չի ունեցել, եւ մենք, իհարկե, ուրախ ենք դա տեսնել», — ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով Անվտանգության խորհրդի համակարգող Բրեթ Մաքգուրքը շարունակում է գտնվել Եգիպտոսի մայրաքաղաքում։ Ակնկալվում է, որ նա «շատ շուտով» կվերադառնա Կահիրեից, որից հետո աշխատանքային մակարդակով խորհրդակցություններ կանցկացվեն, պարզաբանել է Կիրբին։
Սպիտակ տան ներկայացուցիչը վստահեցրել է, որ «աշխատանքային խմբերի քննարկումներում ներկայացված կլինեն բոլոր կողմերը, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ը»։
Կիրբիի փոխանցմամբ՝ այժմ Կահիրեում «շատ ավելի մանրամասն» հարցեր են քննարկվում։ Դրանց թվում նա նշել է Իսրայելում պահվող որոշ պաղեստինցի բանտարկյալների հետ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված իսրայելցիների փոխանակման հնարավորությունը։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում իրադրությունը հերթական անգամ լարվեց, երբ օգոստոսի 25-ի գիշերը իսրայելական կործանիչները զանգվածային հարձակում իրականացրեցին Լիբանանի հարավում տեղակայված «Հեզբոլլահի» հենակետերի վրա։ Իսրայելի ղեկավարությունն ու զինվորականները գործողությունը պնդում էին, որ հստակ տեղեկություններ են ունեցել երկրի ուղղությամբ «Հեզբոլլահի» հավանական զանգվածային հարձակման նախապատրաստությունների մասին, եւ հարկադրված են եղել «կանխարգելիչ» հարված հասցնել: Իր հերթին «Հեզբոլլահը» հայտնել է Իսրայելի ուղղությամբ ավելի քան 320 հրթիռ արձակելու մասին՝ դա որակելով որպես նախնական պատասխան Բեյրութում իր ռազմական թեւի հրամանատար Ֆուադ Շոկրի սպանությանը: