Ռուսական «Mash» եւ «Shot» տելեգրամյան ալիքները, որոնք մոտ են ուժային կառույցներին, ինչպես նաեւ ռազմական բլոգերները հայտնում են, որ ուկրաինացի զինվորականները օգոստոսի 27-ին փորձել են ներխուժել Բելգորոդի մարզի՝ Նեխոտեեւկայի շրջանում։
«Mash»-ի՝ փոխանցմամբ մինչեւ 200 հետեւակային մի քանի մարտական մեքենաներով փորձել է հատել սահմանը, եւ սկսվել են բախումներ։ «Shot»-ն էլ այլ տեղեկություններ է հայտնում՝ նշելով, որ Նեխոտեեւկա բնակավայրին առավոտյան ժամը 8-ին մոտեցել են ութ զրահամեքենա եւ մինչեւ 60 հետեւակային։ Անմիջապես հաջորդել է բախումները ռուս սահմանապահների հետ, որի արդյունքում ուկրաինական հարձակումը հետ է մղվել՝ կորցնելով մինչեւ 20 զինվորական։
Mash-ը նաեւ հայտնում է, որ Ուկրաինայի զինված ուժերը մոտ 300 անձնակազմի ներգրավմամբ, իբր, փորձել է սահմանը հատել «Շեբեկինո» անցակետի տարածքում (Նեխոտեեւկայից 13 կիլոմետր հեռավորության վրա)։ Միեւնույն ժամանակ «Shot»-ն ու «Ридовка» պարբերականը նշում են, որ «Շեբեկինո»-ի մոտ որեւէ բախում չի եղել։
«Ридовка»-ն պարզաբանում է, որ մարտեր ընթացել են ժուրավլեւկայի մոտ, ինչի արդյունքում ուկրաինական հարձակումը կրկին հետ է մղվել։
Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովն իր տելեգրամյան ալիքում հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի շրջանի սահմանը ճեղքելու փորձի մասին տեղեկությունները։
«ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ իրավիճակը սահմանին շարունակում է մնալ ծանր, բայց վերահսկելի։ Մեր զինվորականները պլանային աշխատանքներ են իրականացնում։ Խնդրում ենք հանգստություն պահպանել եւ վստահել միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին»,-գրել է Գլադկովը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը եւ ԱԴԾ-ն չեն մեկնաբանել Բելգորոդի շրջանի սահմանը ճեղքելու փորձի մասին լուրերը։