Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում վերահսկում են 1294 քառակուսի կիլոմետր տարածք եւ 100 բնակավայր, Այս մասին ասել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին՝ ելույթ ունենալով Կիեւում անցկացվող «Ուկրաինա 2024. Անկախություն» ֆորումի ժամանակ։
«Այսօրվա դրությամբ մենք շարունակում ենք առաջ շարժվել՝ զգալի կորուստներ պատճառելով ռուսական բանակի կենդանի ուժին եւ տեխնիկային։ Այսօր մենք վերահսկողության տակ ենք վերցրել 1294 քառակուսի կիլոմետր տարածք, այդ տարածքում գտնվող 100 բնակավայր»,-ասել է գեներալը։
Սիրսկին հաջորդիվ նշում է, որ ռազմական գործողությունների արդյուքնում մինչ օրս գերի վերցված ռուս զինվորականների թիվը հասնում է 594-ի։
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը նաեւ խոստովանել է, որ Կուրսկի ուղղությամբ հարձակողական գործողության նպատակներից մեկը ռուսական նշանակալի ուժերին այլ ուղղություններից շեղելն էր, առաջին հերթին՝ Պոկրովսկուց եւ Կուրախովսկուց։
«Կուրսկի գործողությունները շեղել է նրա ուժերի զգալի մասը։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ Կուրսկի ուղղությամբ արդեն տեղակայվել է մոտ 30 հազար զինվորական, եւ այդ թիվը գնալով աճում է։ Միաժամանակ հակառակորդը փորձում է ստորաբաժանումները հանել այլ ուղղություններից, իսկ Պոկրովսկու ուղղությամբ, ընդհակառակը, ավելացնում է իր ուժերը»,-նշել է գեներալը։
Ավելի վաղ ուկրաինական իշխանությունները հայտնել էին, որ Ռուսաստանի սահմանամերձ շրջանում գործողության սկզբից ի վեր գերեվարվել են «հարյուրավոր» ռուս զինվորականներ։ The Washington Post-ը օգոստոսի 25-ին գրել էր, որ Ուկրաինայում ավելի քան 240 ռուս զինվոր է գերի ընկել։