Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Korea Times պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը շատ մոտ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտին, բայց Բաքուն պետք է ապահովի այդ խաղաղության կայունությունը:
Կրկնելով վերջին ամիսներին Բաքվից հաճախ հնչող հայտարարություններն Ամիրբեկովը ասել է․ «Մնացած խոչընդոտը Հայաստանի սահմանադրական տարածքային պահանջն է Ադրբեջանի նկատմամբ։ Երբ դա լուծվի, մենք կկարողանանք առաջ շարժվել»։
Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը նաեւ բացառել է որեւէ երրորդ կողմի միջնորդությամբ բանակցությունների կազմակերպումը՝ նշելով, որ կողմերն ընտրել են երկկողմ բանակցությունների ձեւաչափը։
«Մենք չենք ակնկալում, որ որեւէ միջազգային կազմակերպություն կամ երրորդ կողմ անմիջական դերակատարություն կունենա, բացառությամբ երկու երկրներին խաղաղության ճանապարհին աջակցելու հարցում»,-ասել է Ամիրբեկովը:
Նա նաեւ հավելել է, որ Ադրբեջանը աջակցություն է ակնկալում Կորեայից ականազերծման հարցում։
Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ պատրաստակամ է մեկ ամսում ամբողջացնել ու ստորագրել խաղաղության պայմանագիրը, եւ որ Սահմանադրության փոփոխությունը դա երկրի ներքին գործն է։
Ադրբեջանն էլ պնդում է, որ միակ խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է, որը տարածքային պահանջներ է ներառում Ադրբեջանի նկատմամբ։
Ավելին, Բաքուն անգամ նախագահ Իլհամ Ալիեւի մակարդակով առաջարկում է մինչ վերջնական պայմանագրի ստորագրումը նախաստորագրել դրա սկզբունքների մասին փաստաթուղթ։