Շիրակի մարզում հացահատիկի բերքահավաքը ցածրադիր գոտիներում ավարտվել, տեղափոխվել է բարձրադիր՝ Աշոցքի, Ամասիայի տարածք:
Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ մարզում աշնանացան հացահատիկի 12700, գարնանացանի 20760, հատիկընդեղենի 146 հեկտար ցանքատարածություն է մշակվել:
Աշնանացանի ցանքատարածքներն անցած տարվա համեմատությամբ պակասել են 4784 հեկտարով, իսկ գարնանացանինն ավելացել են 1694 հեկտարով:
Ըստ մարզպետի աշխատաաակազմի գյուղաաատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Ռոման Համայակյանի՝ մինչեւ այս պահը հացահատիկի բերքատվությունը միջինում մեկ հեկտարից 25 ցենտներ է:
Ստացված արդյունքը բարձր չէ, բայց եւ շատ վատ էլ չէ: Կարկուտն այս տարի ավելի քիչ վնաս է հասցրել բերքին, անցած տարվա 5500 հետտարի փոխարեն այս տարի կարկտահարվել է 1000 հեկտար հացահատիկի դաշտ:
Մկնանման կրծողները թեեւ այս տարի էլ հասած բերքից մի լավ օգտվեցին, բայց ի տաբերություն անցած տարվա, 100 տոկոսանոց վնասված ցանքատարածություններ չունեցանք: Ռոման Համայակյանն ասում է հիմնականում վնասել են Ախուրյանի Այգաբաց, Արթիկի Հոռոմ, Անիի Գուսանագյուղ բնակավայրերի ցանքատարածքները: Մորեխներն այս գյուղատնտեսական տարում չեն ակտիվացել:
Էկոնոմիկայի նախարարությունը մարզին այս տարվա գարնանը հատկացրել է 1040 լիտր թունանյութ՝ վնասատուների բարձր ու միջին տարածում ունեցող 13000 հեկտար հողատարածքի համար: Մարզի գյուղոլորտը համակարգողը վստահեցնում է, որ աշնանը եւս թունաքիմիկատի նոր խմբաքանակ կստանան:
Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի այգեգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Գայանե Ավագյանը վնասատուների դեմ գիտական պայքարի երկարամյա փորձ ունի: Ասում է՝ Կառավարությունն առաջնահերթ պետք է Ֆերմերին, հողօգտագործողներին «սովորեցնի-համոզի», որ վնասատուների դեմ ինտեգրացված պայքարի սկսզբունքները, միջոցառումները կարեւորեն եւ յուրաքանչյուրը պարտավորվի պայքարի մի մասը դառնալ: «Համագործակցել է պետք միմիանց հետ, այլապես միայն քո տարածքը վնասատուներից մաքրելով մեծ արդյունքի չես հասնի»,- ասում է մասնագետը:
Չի հերքում, որ գյուղատնտեսության բոլոր ճյուղերը, մեծ հաշվով, կախված են բնությունից, բայց մարդը կարող է ազդել դրա վրա տարատեսակ կանխարգելիչ միջոցառումներ անցկացնելով: «Այսօր կան շատ լուրջ խնդիրներ, որոնք ընդհանրապես չեն վերահսկվում, երբ վտանգվում են ցանքատարածքները եւ իրավիճակը վերահսողությունից դուրս է գալիս, միայն այդ ժամանակ է բարձրաձայնվում, երբեմն էլ ուշացած քայլեր արվում»,-ասում է Ավագյանը եւ կոչ անում պատասխանատուներին, որ պլանավորված միջոցառումներ անցկացնեն, որոնք ուղղված կլինեն խուսափելու վտանգներից եւ ոչ թե դրանց հետեւանքը վերացնելուն:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։