Հայաստանի արագ վերազինումը մտահոգություններ է առաջացնում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Անկարայում թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Ըստ Ադրբեջանի արտգործնախարարի երրորդ երկրներն են Երեւանին դրդում գնալ արագ վերազինման ճանապարհով։
«Մենք այս քաղաքականությունը համարում ենք սխալ եւ պետք է դիտարկել որպես տարածաշրջանի համար սպառնալիքի լրացուցիչ աղբյուր։ Այս բոլոր գործընթացները վերահսկվում են մեր կողմից, այս առումով Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ համակարգում կա, եւ մեր դիրքորոշումը միասնական է։ Դա փոխադարձ աջակցություն է, ռազմավարական գործընկերություն եւ դաշնակցային հարաբերություններ։ Սա կշարունակվի միջազգային ասպարեզում»,-ասել է Բայրամովը։
Ադրբեջանի արտգործնախարարի խոսքերով այժմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն կա։ Միեւնույն ժամանակ Բայրամովը կրկնել է վերջին ամիսներին Բաքվից հաճախակի հնչող այն հայտարարությունները, որ չնայած խաղաղության պայմանագրի մեծ մասը համաձայնեցված է, այնուամենայնիվ Հայաստանի սահմանադրությունը շարունակում է մնալ դրա վերջնական ստորագրման հիմնական խոչընդոտը։
«Չնայած այն հանգամանքին, որ բանակցային գործընթացում նկատվում է դրական դինամիկա եւ համաձայնեցված է Համաձայնագրի նախագծի զգալի մասը, Հայաստանի Սահմանադրության եւ մի շարք այլ իրավական ակտերում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները դեռ պահպանվում են»,-ասել է Բայրամովը։
Հաջորդիվ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաեւ հայտարարել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի նաեւ Թուրքիայի նկատմամբ, որը կրկին ամրագրված է Սահմանադրության մեջ։
«Միեւնույն ժամանակ, գաղտնիք չէ, որ Հայաստանը նաեւ տարածքային պահանջներ ունի Թուրքիայի Հանրապետության նկատմամբ։ Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրների նկատմամբ տարածքային պահանջներն են, ինչպես ամրագրված է Հայաստանի Սահմանադրությամբ»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։