Իրանը կաջակցի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման եւ Իսրայելի միջեւ հրադադարի կամ զինադադարի ցանկացած համաձայնագրի, որի պայմաններն ընդունելի կլինեն պաղեստինցիների համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ-Հեյայի հետ զրույցում։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը կաջակցի հրադադարի կամ Գազայում պատերազմի դադարեցման վերաբերյալ ցանկացած համաձայնագրի, որը կընդունվի պաղեստինյան դիմադրության եւ ՀԱՄԱՍ-ի կողմից», — Արաղչիի խոսքերը մեջբերում է Իրանի արտգործնախարարության պաշտոնական տելեգրամյան ալիքը։
Արաղչին նաեւ նշել է, որ Գազայի հատվածում հակամարտության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը կմնա անփոփոխ նոր կառավարության գալուց հետո, եւ Իրանը նախկինի պես կշարունակի աջակցել Պաղեստինին։
Իր հերթին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամը շնորհավորել է Արաղչիին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ տեղեկացրել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների ընթացքի մասին։
Խալիլ ալ-Հեյան նաեւ ընդգծել է, որ Պաղեստինի ժողովուրդը բարձր է գնահատում այն աջակցությունը, որը ցուցաբերում է Իրանը։