Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում շարունակել են քննարկումները հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի պատրաստության, սահմանազատման հարցերի եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ։ Այս մասին հաղորդում է Կրեմլի կայքը։
Ալիեւն ու Պուտինը զրույցի ընթացքում գոհունակություն են հայտնել օգոստոսի 18-19-ը ՌԴ նախագահի Բաքու կատարած այցից եւ նշել, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը կնպաստի ռուս-ադրբեջանական դաշնակցային եւ գործընկերային հարաբերությունների հետագա խորացմանը։
Ինչպես ասվում է հաղորդագրության տեքստում, Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվան պատրաստակամ է շարունակել Հայաստանին եւ Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը՝ «համապատասխան փոխընդունելի լուծումներ մշակելու համար»։
«Շարունակվել են քննարկումներն Անդրկովկասում տիրող իրավիճակի տարբեր ասպեկտների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի նախապատրաստման, սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի, եւ երկու պետությունների միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության տեքստում։