Ուկրաինային դաշնակիցները դեռեւս չեն թույլատրել իրենց մատակարարած զենքերով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքում տեղակայված թիրախներին։
Օգոստոսի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ Վաշինգտոնը տրամադրած զիանտեսակները միայն ինքնապաշտպանության համար է։
«Ուկրաինացիները կարող են օգտագործել ամերիկյան օգնությունը՝ պաշտպանվելու համար արտաքին հարձակումներից: Այլ կերպ ասած պատասխան կրակ բացել։ Բայց ինչ վերաբերում է Ռուսաստանի տարածքի խորքերին հեռահար հարվածներ հասցնելուն, ապա մեր քաղաքականությունը չի փոխվել»,- Ռայդերի խոսքերը մեջբերում է «Voice of America»-ն։
Այժմ Ուկրաինային թույլատրված է գործել միայն որոշակի շառավղով, որպեսզի կանխի ռուսական բանակի առաջխաղացումը։
Ռուսաստանի տարածքի խորքերում հարվածներ հասցնելու արգելքի մասին այսօր Բեռլինում համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել են նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Լրագրողները ղեկավարներին հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ի առարկությունները խանգարող հանգամանք են ռուսական տարածքում գտնվող թիրախների դեմ բրիտանա-ֆրանսիական արտադրության Storm Shadow հրթիռների կիրառման համար:
Սթարմերը պատասխանել է, որ չի խորանալու «մարտավարական հարցերի մեջ», սակայն նրա կառավարությունը նոր որոշումներ չի կայացրել այս կապակցությամբ։
Կանցլեր Օլաֆ Շոլցը, պատասխանելով նույն հարցին, ասել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային, բայց նոր որոշումներ նույնպես չի կայացրել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի օրը կրկին կոչ է արել արեւմտյան երկրներին վերացնել Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները։ Զելենսկու կոչը հաջորդել էր Ուկրաինայի վրա ռուսական բանակի զանգվածային օդային հարձակմանը, որն իրականացվել էր հարյուրից ավելի հրթիռների եւ մոտ հարյուր անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։