Նոր ուսումնական տարում 15 տեղ էր տրվել քարտեզագրության բաժնում, համալրվել է կիսով չափ (Երևանի պետական համալսարանում)։ Այս մասնագիտության կուրսերում ուսանողների թիվը նվազել է վերջին երկու տարում։ Այս տարի թափուր տեղեր են մնացել։
Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության եւ գեոմորֆոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արտակ Փիլոյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է, որ սա պայմանավորված է մի քանի հանգամանքով։ Հիմնական պատճառը ընդունելության կարգի փոփոխություններն են։ Եթե տարիներ առաջ դիմորդները երկրորդ հայտով են կարողացել համալրել տեղերը, այժմ այդ հնարավարությունը չկա։ Մինչ այդ բաժնում տեղերն ամբողջովին զբաղված են եղել՝ շուրջ 35 ուսանող կուրսում։
Փիլոյանը վստահեցնում է՝ այդ մասնագետների պահանջարկը շուկայում մեծ է՝ հաշվի առնելով նաեւ երկրում շինարարության մեծ ծավալները։ Վերջերս էլ կրկին ապացուցվեց՝ դասական քարտեզագրությունն ինչքան կարեւոր նշանակություն ունի մեր երկրում։ Այժմ թվային քարտեզների ժամանակաշրջանն է։
Ըստ Փիլոյանի՝ տարիներ առաջ պետական գերատեսչություններում թվայնացման կարեւորությունը լավ չեն պատկերացրել։ «Օրինակ՝ որեւէ տարածական երեւույթի՝ ճանապարհի կամ դպրոցի մասին էր խոսվում, տվյալները շատ դեպքերում կամ թղթի վրա էին գրված կամ, լավագույն դեպքում, EXCEL ֆայլում։ Մինչդեռ կարիք կա ցանկացած օբյեկտ տեսնել քարտեզի վրա՝ տարածքում, այլ օբյեկտների հարեւանությամբ։ Ամբողջությամբ պետք է ունենալ տարածական ինֆորմացիան։ Մեր ժամանակաների տեխնոլոգիաները թույլ են տալիս այդ ամենը թվայնացնել, պահպանել եւ վիզուալիզացնել թվային միջավայրում։ Արդյունքում որոշումներ կայացնելը հեշտանում է»։
Մինչ այդ բազմաթիվ են եղել դեպքերը, երբ, օրինակ, շինարարական աշխատանքներ կատարելիս խնդիրներ են առաջացել։ Ջրագիծ անկացնելիս վնասվել են էլեկտրալարեր, որովհետեւ կոմունիկացիոն կազմակերպությունները տեղյակ չեն եղել միմյանց աշխատանքներից։
Այժմ բոլոր գերատեսչություններն իրենց տվյալները պետք է ունենան թվային ձեւաչափով։ «Դրանք կառավարելու համար պետք են նեղ մասնագետներ, որոնք մենք ենք պատրաստում։ Որոշակի տրանսֆորմացիաների արդյունքում եւ ժամանակի պահանջներին համահունչ դառնալուն զուգահեռ միանշանակ շատ մեծ նշանակություն է ստանալու քարտեզագրողի աշխատանքը»,- ասում է Փիլոյանը։
Աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է՝ բազմիցս է բարձրաձայնել խնդրի մասին։ Ոլորտում սերնդափոխություն է անհրաժեշտ, նոր կադրեր պետք է գան։
«Շատ քիչ մասնագետներ ունենք, եղածներն էլ խորհրդային ժամանակներում են աշխատել, երիտասարդներ պետք է գան։ Պակասի պատճառով, օրինակ, սահմանագծման աշխատանքը կարող է տարիներ տեւել՝ քիչ կադրերի պատճառով։ Պետական խրախուսաման ձեւեր պետք է լինեն՝ անվճար սովորելու, տարկետման հնարավորություն»,-ասում է Գալչյանը՝ արձանագրելով, թե մասնագիտության կարիքը կա, հետաքրքրվող չկա։
Փիլոյանն ասում է՝ իրազեկման արշավների կարիք ունեն։ Իրենք սկսել են դպրոցներից։ Տարբեր այցելությունների ու հանդիպումների ընթացքում են նկատել, որ շատ աշակերտներ, ցավոք, հետեւում են թրենդներին՝ առանց մասնագիտական հեռանկարները լավ պատկերացնելու։
«Օրինակ՝ նախկինում անշարժ գույքի, կադաստրի ոլորտը շատ մեծ «համբավ» է ունեցել, երեխաներին ուղարկել են քարտեզագրություն և կադաստր մասնագիտություն սովորելու՝ ավարտելուց հետո նման «եկամտաբեր» ոլորտում աշխատելու հեռանկարով։ Հիմա այլեւս այդ անընդունելի սխեման չկա, ու ոլորտի հանդեպ հետաքրքրությունը կորել է։ Շատ դեպքերում աշակերտների համար անհասկանալի է մասնագիտությունը․ երբ ներկայացնում էինք, թե ավարտելուց հետո հիմնականում որ ոլորտներում են աշխատելու, եւ մոտավորապես որքան է միջին աշխատավարձը, շատ երեխաներ զարմանում էին»,-ասում է մեր զրուցակիցը։
Խնդրի լուծման համար նախաձեռնել են կրթական ծրագրի բովանդակային եւ որակական փոփոխություններ՝ այս փուլում՝ մագիստրոսական ծրագրում։ Նախատեսում են 2026-ին էլ ունենալ բակալավրի լիովին նոր ծրագիր։
Փիլոյանը վստահեցնում է՝ սովորողները հետագայում աշխատաշուկայում տեղավորվելու խնդիր չեն ունենում, իրենք էլ ուսումնասիրում են՝ շատերն են ավարտելուց հետո մասնագիտությամբ աշխատում։ Ինչ վերաբերում է սերնդափոխությանը՝ նաեւ դասավանդողների առումով, դրական դինամիկա կա։ «Վերջին 3 տարվա ընթացքում ամբիոնում հինգ ասպիրանտ կա, որոնցից երկուսն այս տարի կսկսեն դասավանդել»,- հայտնում է Փիլոյանը։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: