Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը ողջունել է Ուկրաինայի Զինված ուժերի հարձակումը Կուրսկի մարզում՝ այն անվանելով «ռազմավարական քաջություն» եւ կոչ է արել Կիեւին ավելի շատ հակաօդային պաշտպանության միջոցներ տրամադրել, ինչպես նաեւ վերացնել Ռուսաստանին արեւմտյան զենքով հարվածելու բոլոր սահմանափակումները։ Այդ մասին նա հայտարարել է ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես, ուր ուղեւորվել էր Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ միասին։
Այս հանդիպումը Բորելի որոշմամբ Բուդապեշտից տեղափոխվել է Բրյուսել՝ ի նշան Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գործողությունների դեմ բողոքի, ով հուլիսի սկզբին, իր բնութագրմամբ «խաղաղարար այցելություններ» էր կատարել Ռուսաստան եւ Չինաստան, որոնք նախապես չէին համաձայնեցվել Եվրոպական հանձնաժողովի հետ։
«Հարձակում ձեռնարկելով Ռուսաստանի տարածքում՝ Ուկրաինան ցուցաբերեց մեծ ռազմավարական քաջություն: Սա մեծ նորություն է»,- ասել է Բորելը:
Նա Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքին հարվածներ հասցնելու մեջ, որոնք, նրա կարծիքով, միտված են «Ուկրաինան խավարի մեջ գցելուն»։
«Ուկրաինան այսօր առավել քան երբեւէ կարիք ունի հակաօդային պաշտպանության համակարգերի, եւ դա կլինի մեր օրակարգի առաջին կետը»,- ասել է նա։ Միաժամանակ, Բորելը խոստովանել է, որ հեշտ չի լինի առանց հապաղելու իրականացնել Կիեւին հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու ԵՄ երկրների խոստումները։
«Մի բան է խոստումներ տալը, եւ մեկ այլ բան՝ խոստումները կատարել առանց հապաղելու, ինչը այնքան էլ հեշտ չէ, ուստի ես ակտիվորեն ճնշում կգործադրեմ ԵՄ երկրների վրա՝ կատարելու իրենց խոստումները, առաջին հերթին հակաօդային պաշտպանության ոլորտում», — ասել է Բորելը։
Նա նաեւ կոչ է արել վերացնելով բոլոր սահմանափակումները թույլատրել, որպեսզի Ուկրաինան «ամբողջությամբ» Ռուսաստանի դեմ օգտագործի արեւմտյան զենքերը, հակառակ դեպքում «այդ զենքերն անօգուտ են»։