Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու համար բանակցող միջնորդներն աշխատում են հրադադարի համաձայնագրի պայմանների վրա, սակայն գործընթացը բարդանում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման եւ Իսրայելի միջեւ վստահության պակասի պատճառով: Այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ-Անսարին։
«Մենք միջնորդում ենք ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ 2006 թվականից, բայց իրավիճակը երբեք այդքան բարդ չի եղել: Վստահության իսպառ բացակայում է, եւ մենք պետք է հաշվի առնենք նաեւ իսրայելցիների համար [2023 թվականի] հոկտեմբերի 7-ի տրավմայի եւ պաղեստինցիների համար 40,000 մահացածների ծանրությունը»- ասել է դիվանագետը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
Խոսելով խորհրդակցությունների առաջընթացի մասին՝ Կատարի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունը «ամեն ինչ դանդաղեցրել է»։ Նրա խոսքով՝ Դոհան վստահ է, որ «Գազայի հատվածում հրադադարը կկանգնեցնի հնարավոր էսկալացիան»։ Ալ-Անսարին նաեւ ասել է, որ Կատարը Իրանին տեղեկացնում է խորհրդակցությունների ընթացքի մասին եւ «կոչ է անում չընդլայնել պատերազմը»։
Դիվանագետի խոսքերով ԱՄՆ, Եգիպտոսի եւ Կատարի միջնորդները մշակում են հրադադարի համաձայնագրի այնպիսի ձեւակերպումներ, որոնք ընդունելի կլինեն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի համար։
«Մենք այժմ աշխատում ենք Միացյալ Նահանգների առաջարկած «կամրջային փաստաթղթի» վրա […]։ Նպատակը այնպիսի ընդհանուր լեզու գտնելն է, որն ընդունելի կլինի կողմերի համար։ Սխալ ստորակետը կամ ոչ վիրահատական ճշգրտությամբ ներդրված բառը դանդաղեցնում է ամբողջ գործընթացը»,- ասաց նա։ Միաժամանակ ալ-Անսարին նշել է, որ կողմերը այս հարցում դեռ վերջնագծին չեն հասել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-16-ը Դոհայում միջնորդների նախաձեռնությամբ բանակցություններ անցկացվեցին Գազայի հատվածում հրադադարի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդառված անձանց ազատ արձակման շուրջ։ Խորհրդակցություններին հաջորդած Եգիպտոսի, Կատարի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ դրանք անցել են դրական մթնոլորտում։ Բանակցությունների նոր փուլի ընթացքում ԱՄՆ-ն Կատարի եւ Եգիպտոսի աջակցությամբ ներկայացրել էր նոր առաջարկ, որը կարող է նվազեցնել ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ տարաձայնությունները։ Սակայն ՀԱՄԱՍ-ը ի պատասխան հայտարարել է, որ ամերիկյան նախաձեռնությունը հաշվի է առնում միայն Իսրայելի շահերը։
Օգոստոսի 25-ին Եգիպտոսի մայրաքաղաքում մեկնարկել էր խորհրդակցությունների հաջորդ փուլը։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Իզզաթ ալ-Ռիշքը հայտնել է, որ շարժման պատվիրակությունը հեռացել է Կահիրեից Եգիպտոսի եւ Կատարի միջնորդների հետ հանդիպումներից հետո: Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները կրկին պահանջել են ճնշումներ գործադրել Իսրայելին վրա, որպեսզի վերջինս կատարի այն պայմանները, որոնց շարժումը համաձայնել է հուլիսի 2-ին։