-Եկեք պայմանավորվենք,- Ազգային ժողովում 2020-ի սեպտեմբերի 27-ին ասում էր Փաշինյանը,- ինչ էլ լինի, եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք վերջնական ու անշրջելիորեն, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի։
Կուսակցական տարբերություններից անկախ՝ ողջ ազգային ժողովը համակարծիք էր ու ծափահարում էր։ Հակասություններն ու իրար նկատմամբ ունեցած ատելությունը մոռացել էին։ Իրար հերթ չտալով հերոսական ու խրոխտ ելույթներ էին ունենում, առաջ գնալու հրաման էին պահանջում՝ չհասկանալով, չտեսնելով, չմտածելով, որ սա ոչ թե ինքնացուցադրման հնարավորություն է, այլ պատերազմ՝ իր բոլոր անակնկալներով հանդերձ, որ այս անգամ առաջ գնալ կարող է եւ չստացվել, որ վաղուց է ինչ 1990-ականների առաջին տարիները չեն, երբ Հայաստանի ու Ադրբեջանի հնարավորությունները մոտ էին իրար, ոչ էլ հուլիսյան «հերոսամարտն» է։
Չէին խորանում, որ հակառակորդն այս պատերազմը նախաձեռնել է երկարատեւ նախապատրաստումներից եւ լրջագույն ուսումնասիրություններից հետո, որ հաշվի է առել մեր հնարավորություններն, իր հնարավորությունները, միջազգային իրավիճակը, իրեն ոչ թե խոսքով, այլ գործով օգնելու իր դաշնակիցների պատրաստակամությունը։
Չէին ուզում հասկանալ, որ մոտենում է այն օրը, որի մասին 1998-ի հունվարի 8-ի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում զգուշացնում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Այսօր էլ իրենցից հեռու են վանում, չեն ցանկանում ընդունել, որ 1998-ի հունվարի 8-ին նա 2020-ի նոյեմբերի 9-ի մասին էր խոսում։
Տեր-Պետրոսյանը միակ առաջին դեմքն է, ով տուրք չտալով ականջ շոյող ու ծափահարություններ կորզող խոստումներին՝ փոխզիջումներով խաղաղության հասնելու անհրաժեշտությունից է խոսել։
«Փոխզիջման մերժումը եւ մաքսիմալիզմը (առավելագույնը եւ ոչ թե հնարավորը ձեռքբերելու ձգտումը) Ղարաբաղի իսպառ կործանման եւ Հայաստանի վիճակի վատթարացման ամենակարճ ճանապարհն է»։ Այս վտանգն էր նա կանխել փորձում 1997-ի նոյեմբերի 1-ին հրապարակած իր «Պատերազմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածով, ապա սա էր երկու ամիս անց՝ անվտանգության խորհրդի նիստում Արցախի ու Հայաստանի ղեկավարներին բացատրում ապարդյուն։
Մեզանում Տեր-Պետրոսյանից բացի հաշտության անհրաժեշտության մասին խոսող այլ գործիչներ նույնպես, իհարկե, եղել են, բայց նրա ձայնը՝ նախագահ լինելու հանգամանքը հաշվի առնելով, ամենաբարձրն էր հնչում, իսկ նրա խոսքը փաստարկված էր օրվա բանակցային ընթացքով։
1998-ից հետո իշխանության եկան ուժեր, որոնք մտածում էին, թե Արցախի հարցը պետք է ոչ թե լուծել, այլ ձգել, որ ժամանակը կաշխատի մեր օգտին ու կստիպի Ադրբեջանին ընդունել փաստը, որ Ռուսաստանը պատերազմ թույլ չի տա, իսկ եթե, այնուամենայնիվ, լինի պատերազմ, ապա մենք կհաղթենք։ Թե ինչպե՞ս է հնարավոր ձգել հավերժ, թե ինչո՞ւ Ադրբեջանը պետք է համակերպվի, թե ինչո՞ւ Ռուսաստանը պետք է պատերազմ թույլ չտա եւ ինչո՞ւ է մեր հաղթանակը կասկածից դուրս՝ չէին մանրամասնում։
Նրանց այդպես էլ հասու չդարձավ միտքը, որ իրերի դրությունը կարող է փոխվել, որ Ադրբեջանը կարող է ոտքի կանգնել ու ամրանալ, որ նոր հանգամանքները նոր շահեր են թելադրելու։ Նրանք բարձրաստիճան պաշտոնյաներ, ապա երկրի ղեկավարներ ու առաջին դեմքեր լինելով հանդերձ՝ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում հնչած նախազգուշացումների մասին կես ժամ անգամ չեն մտածել։
Նրանց իրենց հոգսն է հուզել՝ իշխանությունը։ Մնացածը, կարծել են, կստացվի ինքնաբերաբար։ Մոսկվան կօգնի, Մոսկվան կաջակցի, Մոսկվան թույլ չի տա։ Ինչո՞ւ՝ որովհետեւ թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային հարթակներում, ավելի շատ Մոսկվայի, քան Հայաստանի շահերն են սպասարկել, եւ թվացել է նրանց, թե սա Մոսկվային պարտավորեցնող բավարար պայման է։
Այս ամենի մասին շատ է խոսվել ու գրվել։ Կրկնելը, բայց, բոլորովին էլ ավելորդ չէ։ Հակառակը՝ հատկապես պարտությունից հետո ընթացող զարգացումները հասկանալու համար անհրաժեշտ է։ Որովհետեւ, ճիշտ է, 2020-ին, երբ սկսվեց լայնածավալ պատերազմը, ինչպես նաեւ պարտությունից հետո ու այսօր այդ մարդիկ արդեն իշխանության չեն, բայց իշխանության է նույն մտածողությունը՝ մենք շատ անելիք չունենք, մեր խնդիրն իշխանությունը պահելն է, իսկ երկրին նետված մարտահրավեները կլուծվեն այս կամ այն հզոր տերության աջակցությամբ։
Սկզբում վստահ էին՝ կօգնի ու կաջակցի Մոսկվան, ապա՝ երբ այդ վստահությունը հօդս ցնդեց՝ Արեւմուտքը։ Օգնությունները, բայց, տեղ չհասան։ Չհասան, որովհետեւ օգնում են նրան, ով գործ է անում, ով հստակ ձեւակերպված ու լուծումներ ունեցող խնդիրներ է առաջադրում, կարողանում է դրանք ճիշտ մատուցել օտարին, լինել հասկանալի ու ընդունելի։ Բայց չկարողացան ո՛չ խնդիրները ձեւակերպել ու մատուցել, ո՛չ էլ հնարավոր աջակցությունները նյութականացնել։ Հայաստանը դրսի աչքերում ինչպես եղել էր անհասկանալի այդպիսին էլ մնաց։ Մնաց որպես երկիր, որտեղ մինչեւ վերջ չեն հստակեցնում, թե ինչ են ցանկանում, որտեղ խուսանավում են անընդհատ ու խորամանկել են փորձում։
Այս անգամ կարճատեսություն չէ, կուրություն էր, երբ որոշվեց, թե պարտված ու վերջնագիր ստորագրած վարչապետը երկրից դուրս կարող է ընկալելի ու ընդունելի գործընկեր լինել, թե կարողանալու է բանակցել ու հաջողություններ գրանցել:
Զարգացումները վերահաստատեցին՝ պարտվածից բոլորն էլ՝ ե՛ւ բարեկամները, ե՛ւ չարակամները, նահանջներ են սպասում։ Փաշինյանը դա նշաձողի իջեցում է անվանել։ Եւ այսպես՝ նշաձողն անընդհատ իջեցնելով բոլոր հնարավոր ու անհնարին, պատկերացնելի ու անպատկերացնելի կորուստներն արդեն արձանագրվել են, ընթացքը, բայց, շարունակվում է։ Դեռ գործում է Փաշինյանի՝ ինչ էլ որ լինի, մենք մեզ պարտված չենք համարի բանաձեւը։
Ու չպարտվածին վայել կամակորությամբ հիմա էլ կարծում են, թե կհասնեն դրան, որ մեզ ջախջախիչ պարտության մատնած, պարտության վավերացումից հետո նորանոր հաջողություններ գրանցած, իր առջեւ դրված խնդիրները 100 եւ ավելի տոկոսով լուծած կողմը կհամաձայնի ու թույլ կտա, որ Հայաստանն ապաշրջափակվի ու «խաղաղության խաչմերուկ» դառնա:
Ադրբեջանում «խաղաղության խաչմերուկ» կոչվող հայկական այս նախագիծը հեգնում են։ Թղթի կտոր են անվանել։ Նրանց դա չի հետաքրքրում։ Նրանք Սյունիքով միջանցք են պահանջում։ Այն ստանալուց հետո միայն կմտածեն՝ վերացնե՞լ Հայաստանի շրջափակումը, թե նոր պահանջներ առաջ քաշելով այն ավելի խստացնել։
Իհարկե, միջանցքը Սյունիքով, որը պետք է լինի մեր երկրի իրավասությունից դուրս, որն Ադրբեջանին Հայաստանի տարածքով անարգել ելումուտի հնարավորություն պետք է տա, մեզ համար ամենաանցանկալին է, բայց ադրբեջանցիները նպատակասլաց աշխատում են այս ուղղությամբ ու լուրջ հույսեր ունեն, որ կհաջողեն։
Փորձը ցույց է տալիս, որ հույսերը հիմնավոր են։ Նրանք վաղուց են սովոր մեր նահանջներին։ Վերջին երեք տարիները մեր պատմության մեջ որպես զիջումների ու նահանջների տարիներ են մնալու։ Այս նահանջը նույնպես չի բացառվում։
Իսկ Փաշինյանենք ապրում են թեթեւ։ Հաշտ են նրանք կորուստների հետ։ Ցանկացած կարգի ու որակի կորուստ հնարավոր ու ընդունելի են համարում։ Անհրաժեշտության դեպքում բացատրություններ էլ կտան։ Հոգ չէ, որ բացատրությունները չեն լինի տրամաբանական, հոգ չէ, որ կլինեն հակասություններով լեցուն։ Նրանց համար ոչ բացատրություններն են կարեւոր եւ ոչ էլ կորուստները։ Կարեւորը գիտակցումն է, որ իշխանավոր են, անձեռնմխելի են, ունեն թիկնազոր ու վայելքներին տրվելու անսպառ ժամանակ։ Կարեւորը հայելին է ու իրենց ինքնահիացած արտացոլքը հայելու մեջ։
Սրանով են նրանք ապրում։ Այլ հոգս չունեն։
Իսկ օղակը Հայաստանի շուրջ սեղմվում ու սեղմվում է։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։