ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ քննարկել է Ուկրաինայում ընթացող հակամարտությունը եւ Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ պայմանավորվածություն ձեռք բերել առաջիկայում ՉԺՀ եւ ԱՄՆ ղեկավարների միջեւ հեռախոսազրույցի շուրջ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը նրանց հանդիպումից հետո։տա
«Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը օգոստոսի 29-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հետ։ [․․․] Նրանք քննարկել են Թայվանի նեղուցների, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի եւ Հարավչինական ծովի հետ կապված հարցեր։ Երկու կողմերն էլ ողջունել են հաղորդակցության ուղիները պահպանելու շարունակական ջանքերը, ներառյալ առաջիկա շաբաթներին նախագահ Բայդենի եւ Նախագահ Սիի միջեւ հեռախոսազրույցի պլանավորումը»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության տեքստում:
Դրանում նաեւ նշվում է, որ կողմերը քննարկել են անվտանգության, թմրամիջոցների դեմ պայքարի եւ արհեստական ինտելեկտի ռիսկերի ոլորտներում ԱՄՆ-ի եւ Չինաստանի ստանձնած պարտավորությունների հետագա իրականացումը։
Սալիվանի այցը Չինաստան մեկնարկել է ունեցել օգոստոսի 27-ին։ Նախօրեին նա նաեւ հանդիպում էր ունեցել ՉԺՀ արտաքին գերատեսչության ղեկավար Վան Յիի հետ՝ քննարկել տարածաշրջանային, գլոբալ եւ երկկողմ կարեւոր հարցեր։
Սա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի առաջին այցն է Չինաստան՝ ութ տարվա ընդմիջումից հետո։