Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը ԱՄՆ վարչակազմին կներկայացնեն Ռուսաստանում պոտենցիալ թիրախների ցանկը, որոնք կարող են խոցվել ամերիկյան զենքով, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Գերագույն Ռադայի անանուն պատգամավորին։
Հեռուստաընկերության զրուցակիցը հայտնել է, որ այս շաբաթ Ումերովն ու Երմակը հանդիպումներ կունենան ամերիկացի պաշտոնյանների հետ, որպեսզի փորձեն Սպիտակ տանը համոզել Ռուսաստանի տարածքում հեռահար զենքով հարվածների համար դրված սահմանափակումները վերացնել անհրաժեշտությունը։
«Նրանք կտրամադրեն առաջնահերթ թիրախների ցանկ, առանց որոնց դժվար կլինի փոխել պատերազմի ընթացքը հօգուտ Ուկրաինայի», — CNN-ին ասել է աղբյուրը։
Ըստ այս լրատվամիջոցի՝ Ումերովը պետք է ուրբաթ օրը հանդիպի ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ, սակայն դեռ պարզ չէ, թե կոնկրետ ում հետ է բանակցելու Երմակը։ Վաշինգտոն կատարած նախորդ այցելությունների ժամանակ նա հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։
Տեղեկությունն այն մասին, որ ուկրաինացի պաշտոնյաները պետք է ԱՄՆ-ին տրամադրեն ռուսական պոտենցիալ թիրախների ցուցակը, առաջինը հրապարակել է Politico-ն։
Միացյալ Նահանգները դեմ է Ուկրաինայի կողմից տրամադրված հեռահար զենքի կիրառմանը Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար: Սակայն վերջերս Խարկովի մարզ ռուսական բանակի ներխուժումից հետո Վաշինգտոնը թույլ տվեց հարվածել ռուսական ռազմական օբյեկտներին, որոնք գտնվում են Ուկրաինայի սահմանի մոտ։