Հայաստանի արտաքին քաղաքականությունը մտահոգություն է առաջացնում, անվտանգության ոլորտում Արեւմուտքի հետ համագործակցությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, РИА Новости -ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
«Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը մտահոգություն է առաջացնում այս երկրի ապագայի համար։ Արեւմուտքի հետ անվտանգության համագործակցությունը, որպես կանոն, ոչ մի լավ բանի չի բերում։ Մենք համոզված ենք, որ Հարավային Կովկասում ցանկացած խնդիր պետք է լուծվի հենց տարածաշրջանի պետությունների կողմից՝ առանց արտաքին միջամտության»,-հայտարարել է դիվանագետը։
Եվդոկիմովը կարծիք է հայտնել, որ տարածաշրջանային համագործակցության համար լավագույն հարթակ կարող է լինել «3+3»-ը՝ տարածաշրջանի երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ հարակից երեք պետությունների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի մասնակցությամբ։
«Այս առումով օգտակար է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը։ Ներկայում համաձայնեցվում է արտգործնախարարների մակարդակով նրա հաջորդ հանդիպման ժամկետը»,- ասել է դեսպանը։