Ուկրաինան կորցրել է ընդամենը երեք շաբաթ առաջ ստացած առաջին F-16 կործանիչներից մեկը։ Այն կործանվել է ուկրաինական քաղաքների վրա ռուսական զանգվածային հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ մղելու ժամանակ։
Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում կատարելով իր աղբյուրին, հայտնել էր, որ ինքնաթիռը չի խոցվել հակառակորդի կրակից, այլ կործանվել է, ամենայն հավանականությամբ, օդաչուի սխալի պատճառով։
CNN հեռուստաալիքն էլ, վկայակոչելով ռազմական շրջանակներում ուկրաինական աղբյուրից ստացած տեղեկություններին, հայտնել է նաեւ օդաչու Ալեքսեյ Մեսի մահվան մասին։ Նշվում է, որ նա այն քիչ օդաչուներից մեկն էր, ով F-16-ով թռիչքներ կատարելու պատրաստություններ էր անցել։
BBC-ի աղբյուրն էլ հաստատելով, որ ինքնաթիռը չի կործանվել հակառակորդի կրակի հետեւանքով, հերքել է օդաչու սխալի պատճառով վթարի մասին տեղեկությունը։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը մամուլի հրապարակումներից հետո ընդունել է F-16-ի կորուստը։ Հաղորդագրության մեջ չի նշվում օրը, սակայն համատեքստից հետեւում է, որ դրանում խոսվում է օգոստոսի 26-ի ռուսկան զանգվածային հարձակման մասին։
«Օդային մարտերի արդյուքնում F-16 ինքնաթիռները ցուցադրել են իրենց բարձր արդյունավետությունը։ Հակառակորդի չորս թեւավոր հրթիռներ խոցվել են ինքնաթիռի վրա առկա զինատեսակներով։ Հաջորդ թիրախին մոտենալու ժամանակ ինքնաթիռներից մեկի հետ կապը կորել է։ Ինչպես պարզվել է ավելի ուշ, ինքնաթիռը կործանվել է, իսկ օդաչուն՝ զոհվել»,-ասվում է Ուկրաինայի ԳՇ հաղորդագրության տեքստում եւ ավելացվում, որ նշանակվել է հատուկ հանձնաժողով՝ վթարի պատճառները պարզելու համար։
«Voice of America»-ի ուկրաինական ծառայությունն էլ, հղում կատարելով Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի անանուն աղբյուրին, հայտնում է, որ «դիտարկվում են տարբեր վարկածներ, այդ թվում՝ սեփական հակաօդային պաշտպանությունից «ընկերական կրակ», տեխնիկական անսարքություն եւ օդաչուի սխալ»։