Ռուսական բանակը շարունակում է զարգացնել հարձակաողական գործողություննեը Ուկրաինայի Դոնեցկի մարզի Պոկրովսկ եւ Միրնորգրադ բնակավայրի ուղղությամբ։ Այժմ ուկրաինական կողմը նշյալ բնակավայրերից իրականացնում է բնակչության զանգվածային տարհանում։
Մի քանի օրվա ընթացքում ռուսական բանակին հաջողվել էր վերահսկողության տակ վերցնել նաեւ Պոկրովսկից 10 կիլոմետր հարավ-արեւելք ընկած Նովոգրոդովկա բնակավայրը, որը կարեւոր կոմունիկացիոն հանգույց եւ հենակետ էր ուկրաինական բանակի համար։
Շուրջ 100 հազար բնակչություն ունեցող Պոկրովսկը եւ Միրնոգրադը Դոնեցկի մարզի վերջին խոշոր բնակավայրերն են, որոնք դեռեւս շարունակում են մնալ ուկրաինական բանակի վերահսկողության տակ։ Պոկրովսկը կարեւոր լոգիստիկ հանգույց է, որով անցնում են դեպի Դոնեցկ, Կոնստանտինովկա, Կրամատորսկ եւ երկրի խորքեր ընթացող մայրուղիները:
Միեւնույն ժամանակ Կուրսկի մարզում օգոստոսյան հարձակողական գործողությունների ընթացքում ուկրաինական բանակը ավելի շատ տարածքներ է գրավել, քան ռուսական բանակը Դոնբասում։ Բայց Ուկրաինայի Զինված ուժերի կողմից վերահսկողության տակ վերցրած ամենամեծ բնակավայրը՝ Սուջան, որն ունի մոտ 5 հազար բնակչություն, գրեթե երեք անգամ փոքր է Նովոգրոդովկայից, որը ռուսական բանակը գրավել է մեկ շաբաթ տեւած մարտերի ընթացքում։ Ավելին, նույնը կարող է կատարվել Պոկրովսկի եւ Միրնորգրադի հետ, եթե ուկրաինական հրամանատարությունը չփորձի շտկել ճակատային իրադրությունը։
Ռազմաճակատի հենց այս հատվածում են կենտրոնացված ռուսական զորքերի «Կենտրոն» խմբավորման հիմնական ուժերը, եւ այնտեղ են տեղակայված նաեւ դրա մարտունակ ռեզերվները։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին Պոկրովսկի ճակատ մի քանի օրով կատարած այցելությունից հետո օգոստոսի 29-ին ֆեյսբուքում գրել էր, որ այդ ուղղությամբ ձեռնարկվող հարձակումներում ռուսական կողմը նետում է այն ամենը, ինչ կարող է՝ փորձելով ճեղքել պաշտպանությունը։
Միեւնույն ժամանակ Դոնբասում ռուսական զորքերի համեմատաբար արագ առաջխաղացման ֆոնին Կուրսկի մարզ ներխուժած Ուկրաինայի զինված ուժերի հաջողությունները վերջին օրերին ավելի համեստ տեսք են ստացել։
Ուկրաինական բանակը դեռ փորձում է ընդլայնել վերահսկողության գոտին, սակայն գործողության առաջին օրերի համեմատ ռազմական գործողությունների ինտենսիվությունը նկատելիորեն նվազել է, իսկ առաջընթացը դանդաղել կամ ընդհանրապես կանգել է։
Երեքշաբթի օրը Ալեքսանդր Սիրսկին հայտարարել էր, որ Կուրսկի մարզում բանակը զբաղեցրել է 1294 քառակուսի կիլոմետր տարածք եւ 100 բնակավայր, ինչպես նաեւ գերի վրեցրել 594 ռուս զինվորի։