Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օգոստոսի 29-ին պետական այցով ժամանել է Սերբիա, որի ժամանակ ստորագրվել է ֆրանսիական Rafale բազմաֆունկցիոնալ 12 կործանիչների գնման մասին համաձայնագիրը։ Սա ըստ Ֆրանսիայի նախագահի գործարքը ներկայացնում է Սերբիայի շրջադարձը դեպի Եվրոպա:
Համաձայնագիրը ստորագրել են Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը եւ Dassault Aviation-ի գործադիր տնօրեն Էրիկ Տրապեն։
Ինչպես Բելգրադում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, համաձայնագիրը նախատեսում է լոգիստիկ սարքավորումների, պահեստային շարժիչների եւ մասերի ամբողջական փաթեթի մատակարարում։ Նրա խոսքերով գործարքի արժեքը կազմում է 2,7 միլիարդ եվրո (3 միլիարդ դոլար):
Վուչիչը չի հստակեցրել, թե Սերբիան երբ կստանա իր առաջին Rafales-ը, սակայն հայտնել է, որ դրանք կժամանեն միջին հեռահարության «օդ-օդ» հրթիռներով, որոնք արտադրել է ֆրանսիական MBDA-ն:
Մակրոնն էլ հայտարարել է, որ պայմանագիրն ունի պատմական նշանակություն։ Նա նշել է, որ Եվրոպային անհրաժեշտ է ուժեղ եւ ժողովրդավարական Սերբիա, իսկ Բելգրադին՝ «ուժեղ եւ ինքնիշխան ԵՄ»։ Ֆրանսիայի նախագահի խոսքերով կործանիչներ գնելու որոշումը ռազմավարական եւ երկարաժամկետ ընտրություն է այդ ուղղությամբ։
«Տսնում եմ, որ այնքան շատ մարդիկ են քննադատում Սերբիան Ռուսաստանի կամ Չինաստանի հետ գործընկերություն ունենալու համար, իսկ այժմ նա գործընկերություն ունի Ֆրանսիայի հետ: Սա իսկապես մեծ փոփոխություն է։ Ես հարգում եմ Սերբիայի ինքնիշխանությունը եւ նրա գործընկերությունը այլ երկրների հետ, բայց սա ռազմավարական փոփոխություն է բացում, որը պետք է ընդգծել, քանի որ դա մեծ քաջություն է պահանջում եւ հնարավորություն է Եվրոպայի համար: Սա իսկապես ցույց է տալիս եվրոպական ոգին»,-հայտարարել է Մակրոնը։
Նա նաեւ հավելել է, որ հենց ֆրանսիական ինքնաթիռների ընտրությունն ինքնին նշանակում է Ֆրանսիայի հետ դաշինքի ընտրություն։
«Սերբիայի կողմից Rafale ինքնաթիռի ընտրությունը այս համատեքստում նշանակում է մեր երկու երկրների միջեւ երկարաժամկետ դաշինքի հստակ ընտրություն», — ասել է Մակրոնը:
Վուչիչն էլ ընդգծել է, որ գործարքը չի նշանակում, որ Սերբիան կփոխի իր դիրքորոշումը ԵՄ պատժամիջոցներին միանալու հարցում, որոնք սահմանվել են Ռուսաստանի դեմ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման համար:
«Ես գիտեմ, որ [Մակրոնը] կցանկանար, որ մենք պատժամիջոցներ կիրառեինք Ռուսաստանի դեմ, բայց մենք դա չենք արել, եւ մենք չենք ամաչում մեր որոշման համար»,- ասել է Վուչիչը։ Նա հավելել է նաեւ, որ իրեն պարտավորված չի զգում արդարացնել իր որոշումը, քանի որ իր քաղաքական քայլերն ուղղակիորեն բացատրում է միայն սերբ ժողովրդին։
2006 թվականին Չեռնոգորիայի հետ պետական դաշնության փլուզումից եւ Սերբիայի անկախությունից հետո Rafale-ի գնումը զենքի ամենամեծ գործարքն է:
Բելգրադը Մոսկվայի հետ ռազմական համագործակցությունը նվազեցրել է Ուկրաինա ռուսական բանակի ներխուժումից հետո եւ դատապարտել ներխուժումը, սակայն ի տարբերություն ԵՄ-ի, որին նա ցանկանում է միանալ եւ արեւմտյան այլ երկրների, պատժամիջոցներ չի սահմանել ՌԴ-ի դեմ, նշում է Reuters-ը։