Լրանում է Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության բռնի տեղահանման մեկ տարին: Շիրակի մարզում բնակություն է հաստատել շուրջ 3500 տեղահանված քաղաքացի, որոնց մեծ մասը՝ 2331 հոգի նախընտրել է ապրել Գյումրիում: Քաղաքում աշխատանք գտնելը դյուրին է, կրթության, առողջապահական եւ այլ հարցերն էլ ավելի հեշտ են լուծվում:
Գյուղերում ապրողների թիվն ավելի պակաս է, դժվարությամբ են հարմարվում կոմունալ հարմարությունների, աշխատատեղերի բացակայությանը, ենթակառուցվածքների ոչ լիարժեք լինելուն:
Պետական աջակցության ծրագրերից բացի տեղահանված եւ գյուղերում բնակություն հաստատած արցախցիներին օգնության ձեռք է մեկնել «Միգարացիայի միջազգային կազմակերպության փախստականների արձագանքման պլանի գործողությունները Հայաստանում» ծրագիրը, որն իրականացնում է Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը՝ բնակչության, փախստականների եւ միգրացիայի հարցերով ԱՄՆ բյուրոյի ֆինանսական աջակցությամբ:
Մինչ այս, Միացյալ ազգերի կազմակերպությունը արցախցիներին օգնել է նաեւ պարենով, առաջին անհրաժեշտության տնտեսական ապրանքներով, բայց որոշել է ավելի կայուն եկամուտ ապահովելու նախաձեռնությամբ հանդես գալ: Նախ գյուղաբնակ արցախցիներին դասընթացներով կզինի անասնապահությանը վերաբերող ժամանակակից գիտելիքով, ապա դրամաշնորհ կտրամադրի նրանց, ովքեր կորոշեն անասնապահությունը դարձնել ընտանեկան եկամտի հիմնական աղբյուր:
Ծրագրի ներկայացուցիչ Ռիմա Գաբրիելյանը տեղեկացնում է, որ Շիրակի մարզից բացի ծրագիրը գործում է նաեւ Տավուշում եւ Սյունիքում: Ըստ Գաբրիելյանի՝ մասնակիցների մեծամասնությունն Արցախում էլ են անասնապահությամբ զբաղվել, բայց այստեղ տնտեսություն հիմնելու հնարավորություն չունեն: Դասընթացից ստացած գիտելիքը կօգնի, որ մասնակիցները ծրագրավորված, եկամտի իրատեսական հաշվարկներն արած հայտեր ներկայացնեն, մինչեւ 4500 դոլարի աջակցություն ստանան, անասուններ, անասնակեր գնեն եւ հարակից ծախսեր անեն: «Մեր նպատակը ոչ թե մեկ-երկուսին մեծ բիզնեսով ապահովելն է, այլեւ շատերին օգնելն է, որ քչից աճեն, կայուն եկամուտ ունենան, ինքնուրույն ոտքի կանգնեն»:
Դասընթացավար, անասնաբույժ Նարեկ Թադեւոսյանը մարզերում անասնաբույժների, ֆերմերների է վերապատրաստում: Մասնագիտության բերումով Արցախում էլ է շատ եղել, ասում է՝ նրանք էլ էին մեզ պես հնացած մեթոդներով անասնապահությամբ զբաղվում:
Ըստ նրա՝ ավագ սերնդին փոքր-ինչ դժվար է տարհամոզել, որ նորարարական մեթոդներով անասուններ բուծեն, ավելի շատ եկամուտ ունենան: Երիտասարդ սերունդն ավելի բաց է նոր տեխնոլոգիաների առաջ: Գյուղաբնակ արցախցիներին կոչ է անում կենդանիներ գնել, բազմացնել. «Անասնաբուծությունը եկամտաբեր է միայն այն ժամանակ, երբ տնտեսություն վարելիս հստակ հաշվարկ ունես, գիտես ինչ ես ծախսելու, ներդնելու, ստանալու, ինչու չէ, նաեւ կորցնելու»:
Ծրագրի մասնակից Քրիստինա Իսրայելյանը Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից է եկել: Այնտեղ ոչխարաբուծությամբ եւ խոզաբուծությամբ են զբաղվել:
Եկամուտից չի դժգոհել, չորս հոգանոց ընտանիքի կարիքներն անասնապահությամբ լիարժեք հոգացել են, մի բան էլ հետ գցել: Այժմ Շիրակի մարզի Գետք գյուղում են հաստատվել: Գոմ ունեն, խոզ, հավ են առել, բայց դեռ քիչ է:« Որ մի քանի հատ ավելին ունենայինք, մի բանի կհասնեինք, ավելի խոշոր եկամուտ կունենայինք»,-ասում է Քրիստինան եւ հույս հայտնում, որ դրամաշնորհ ստացողների շարքում կհայտնվի:
Սոկրատ Մաթեւոսյանը 20 տարի Արցախում զինվորական է եղել, անասնապահությամբ երբեք չի զբաղվել:
Հայաստանում զինվորական ծառայությունը շարունակում է, բայց գրեթե եռակի քիչ է վարձատրվում, ընտանիքը պահելու լրացուցիչ եկամտի աղբյուր է փնտրում: Ծրագիրը նրան հետաքրքրել է, եթե ընտրվի, Ախուրյան բնակավայրում անասնապահությամբ կզբաղվի:
Վարսենիկ Սահակյանն էլ ընտանիքով Մարտակերտում է ապրել, գյուղատնտեսությամբ եւ թռչնաբուծությամբ զբաղվել: Այժմ Քեթի գյուղում են ապրում, գոմ ունեն, անասուն չունեն: «Միայն մեկ խոզ ենք պահում, որ դրամաշնորհ ստանանք մեկը հազար կդարձնենք, կարգին եկամուտ կունենանք»,-ասում է Վարսենիկը:
Ըստ ծրագրի պատասխանատուների մինչեւ տարեվերջ գյուղաբնակ բազմաթիվ արցախցիներ իրենց գոմերում անասունների պակաս չեն ունենա, խորհրդատվությունն ու աջակցությունն էլ չի ընդհատվի անգամ ծրագրի ավարտից հետո:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։