Մայրուղին հասնում է Ջերմուկ եւ չի շարունակվում։ Սա միակ բնակավայրն է, որտեղով մայրուղին ոչ թե անցնում, այլ ուղղակի հասնում ու վերջանում է։ Այգեգործությամբ, մեղվապահությամբ ու զբոսաշրջությամբ են հիմնականում զբաղվում համայնքի բնակիչները։
Հանքն ու համայնքը կարո՞ղ են միասին գործել, հանքարդյունաբերության գոտում բուժվող կամ հանգստացող կլինի՞, հանքի մոտ աճած ծիրանը ո՞վ կուտի։ Հռետորական հարցեր են, որ համայնքի բնակիչներն են տալիս երբ հարցնում ենք Ամուլսարի մասին։
-Ես հարգում եմ բնությունն ու ծառը, միշտ ուզել եմ, որ էս ուղիով մենք զարգանանք, գյուղատնտեսությամբ, տուրիզմով, բնությունը սիրում եմ,- ասում է Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի այգեգործ Գագիկ Մարգարյանը։
Գագիկի այգին մոտ է Ամուլսարին։ Ձեռքով ցույց է տալիս սարը։
Հանքի մասին խոսակցություններն ու վախերը կարմիր թելի նման անցնում են գյուղտնտեսությամբ ու տուրիզմով զբաղվող մարդկանց պատմությունների միջով։
-Ամբողջ կյանքում պայքարել եմ, էս սաղ քարերը ընտանիքիս հետ, կնոջս հետ հավաքել եմ, ու էս այգին ստեղծել։ Ինքը համ թթվածին ա, համ բնությանն ա օգուտ, համ մեզ ա օգուտ։ Ես կարծում եմ, որ բնությունն ինչ տվել ա դրանով պիտի ապրես, չքանդես։
Բայց հանքը, ինքը պատրաստի փող ա, շատ չնչին փող ա ու հավերժ չի, մի 10-15 տարի, դրանից հետո ինչ ենք անելու։ Քանդենք, ոսկին հանենք, հետո՞։
6000 քառակուսի մետր այգի ունի Գագիկը, հիմնականում մշակում է ծիրան, սալոր դեղձ, տանձ ու խնձոր։ Այս տարվա կարկուտից բերքը մի քիչ վնասվել էր, ստիպված է եղել ավելի ցածր գնով վաճառել։
Թեհմինե Ենոքյանը 44-օրյա պատերազմից հետո Գնդեվազ գյուղում զբաղվում է կանաչ գյուղատնտեսությամբ։ «Ես գնահատել եմ էն ինչ կա, ու հասկացել եմ, որ հողը չի կարա պարապ մնա, հատկապես պատերազմից հետո, էդքան հողերի կորստից հետո։ Եթե ունենք հող՝ ապա պետք ա մշակվի, որովհետեւ Հայաստանը պարենի խնդիր ունի, մթերքի խնդիր ունի»,- պատմում է Թեհմինեն։
Նա «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահն է։ Կառավարության, Ջերմուկի համայնքապետարանի ու ՄԱԿ-ի հետ համատեղ ծրագիր են իրականացնում՝ ոռոգման նոր համակարգով Գնդեվազում 120 հեկտար հող պետք է դառնա ոռոգելի։
-Ամբողջ համայնքը տարիներ ի վեր ավանդական մեթոդով ա աշխատել, ու էս ջուրը անխնա ուղղակի գնացել ա դաշտերի վրա։ Գյուղացուն մեղադրելու էլ չի, որովհետեւ, եթե համայնքի ղեկավարությունը մտածում ա, որ ջրի խնայողություն պիտի անի, ապա պետք ա լինեն սուբվենցիոն ծրագրեր, որոնք գյուղացուն կհասցնեն ջուրը, ու ինքը էդ կետից սկսած կմտածի կաթիլային ոռոգում իրականցանելու մասին,- պատմում է Թեհմինեն։
Ջրի խնդրից բացի՝ Գնդեվազցիները, մյուս բոլոր այգեգործների նման ունեն մթերքի ինքնարժեքի խնդիր։ Կառավարությունը գյուղմթերքի ինքնարժեք չի ձեւավորում, չի օգնում, որ գյուղացին ապրանքը էն գնով վաճառի, որ գոնե վնաս չկրի։ «Ամբողջ տարի տարբեր տեսակի աշխատանքներ ես անում հողի վրա, շատ ցածր գնով բերքը տալիս ես՝ հիասթափվում ես»,- ասում է Թեհմինե Ենոքյանը։
Առողջացող ու առողջացնող քաղաքը
-Ջերմուկը շատ արագ է վերականգնվում, հետաքրքիր բան ա, Ջերմուկի ժողովրդից ա գալիս երեւի ու էն մարդկանցից, ում ցավը Ջերմուկը տարել է, — պատմում է Ջերմուկի «Արարատ» մոր եւ մանկան առողջարանի գլխավոր տնօրեն Հովհաննես Հակոբյանը։
Տարեկան մոտ 4000 բուժառու եւ հանգստացող են ընդունում այստեղ, որից 500-ը՝ հատուկ կարիքներով երեխաներ եւ նրանց ընտանիքի անդամներն են։
-90 ականներին նկատել ենք բուժական հանգստի դրական ազդեցությունը հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների մոտ, դա եղավ դրդիչ ուժը, որ կենտրոնացանք հենց այդ խնդրով երեխաներին եւ մեծահասակներին առողջարարական ծառայություններ մատուցելու վրա։ Բազմաթիվ երեխաներ առաջին անգամ քայլել ու խոսել են էստեղ,- պատմում է առողջարանի տնօրեն Հովհաննես Հակոբյանը։
Առողջարանի հիմնական խնդիրը՝ ըստ Հովհաննեսի, մարդկային ռեսուրսի պակասն է։ Ասում է՝ կառավարության օգնություն է ինչ-որ ձեւ պետք, որ կարողանան բարձր որակավորում ունեցող մասնագետներին մոտիվացնեն՝ տեղափոխվել Ջերմուկ եւ աշխատել այստեղ։
-Մեր նպատակն էր, որ առողջարանը դարձնեինք նախապաշարմունքներից զերծ անվտանգ միջավայր, բոլոր մարդկանց համար, այդ թվում նաեւ հատուկ կարիքներով երեխաների։ Տարիների ընթացքում ամբողջ Ջերմուկը դարձավ այդպիսի միջավայր։ Ջերմուկցիներն արդեն գեներով կրում են մարդկանց դիմավորելու, հյուրընկալելու մշակույթը,- ասում է Հովհաննեսը։
Ջերմուկում մարտահրավերներն ու խնդիրները շատ են։ Օգոստոսի 23-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն ֆորում անցկացրեց համայնքի բնակիչների, գյուղատնտեսների, զբոսաշրջության ոլորտի աշխատողների, ֆերմերների եւ ոլորտի փորձագետների հետ։
Քննարկեցին համայնքների կայուն, կանաչ տնտեսությունների և զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ քայլերը, վերհանեցին Ջերմուկ համայնքի կարիքները, հնարավորություններն ու մարտահրավերները։ Ֆորումի մասնակիցները կիսվեցին Ջերմուկի այլընտրանքային զարգացման իրենց տեսակետներով։
Կազմվեց աշխատանքային խումբ, որը փորձելու է կյանքի կոչել ֆորումի ընթացքում արտահայտած տեսլականները՝ Ջերմուկի այլընտրանքային զարգացման, կանաչ տնտեսություններ հիմնելու եւ զարգացման համար գրավիչ ներդրումային դաշտ ձեւավորելու ուղղությամբ։
Նկարագրում եմ այն՝ ինչ չեմ կարող փոխել։