Իսրայելցի զինվորականները եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պայմանավորվածություն են ձեռք բերել Գազայում եռօրյա գոտիավորված հրադադար հաստատելու շուրջ, որպեսզի հնարավորություն տրվի անցկացնել 640,000 երեխաների պոլիոմիելիտի դեմ պատվաստման առաջին փուլը։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում պաղեստինյան տարածքների հարցով ներկայացուցիչ Ռիկ Փիպերկորնը:
Նրա խոսքերով պատվաստումների արշավը պետք է սկսվի սեպտեմբերի 1-ին Գազայի կենտրոնական հատվածից, այնուհետեւ տեղափոխվի հարավ, ապա նաեւ հյուսիսային շրջաններ։ Պատվաստումների ընթացքում հրադադարը նախատեսված է պահպանել առավոտյան 6։00-ից մինչեւ 15։00-ն:
Փիպերկորնը նաեւ հավելել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր գոտում հրադադարը եւս մեկ օրով երկարաձգելու շուրջ:
Նրա խոսքերով պատվաստումների առաջին փուլից երկորդին անցնելու համար կպահանջվի չորս շաբաթ ժամանակ։
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Բասեմ Նաիմն էլ Reuters-ի հետ զրույցի ժամանակ ընդգծել է․ «Մենք պատրաստ ենք համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ այս արշավն ապահովելու համար՝ ծառայելով եւ պաշտպանելով Գազայի հատվածում ավելի քան 650,000 պաղեստինցի երեխաների»:
Իսրայելի պաշտպանության բանակի հումանիտար ստորաբաժանումն էլ (COGAT) հայտարարել է, որ պատվաստումների արշավը կանցկացվի իսրայելական բանակի հետ համաձայնեցված «որպես սովորական մարդասիրական դադարների մի մաս, որը թույլ կտա բնակչությանը հասնել բժշկական կենտրոններ, որտեղ էլ կկատարվեն նախատեսված պատվաստումները»: