ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը մտահոգված չէ Վլադիմիր Պուտինի այցով Մոնղոլիա, որը ճանաչում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունը: Նրա խոսքերը մեջբերում է «Интерфакс»-ը։
«Ոչ, անհանգստություններ չկան», — ասել է Պեսկովը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք Կրեմլը մտավախություն չունի Պուտինի առաջիկա այցի հետ կապված։
Նրա խոսքով՝ Կրեմլը «հիանալի երկխոսություն ունի Մոնղոլիայի գործընկերների հետ»։ Հարցին, թե արդյոք մոնղոլական իշխանությունների հետ բանակցություններ են եղել ՄՔԴ-ի որոշման վերաբերյալ, Պեսկովը պատասխանել է. «Իհարկե, այցի բոլոր ասպեկտները մանրակրկիտ նախապատրաստված էին»։
Նշենք, որ Վլադիմիր Պուտինի՝ Մոնղոլիա կատարելիք այցի մասին Կրեմլը հայտարարել է օգոստոսի 29-ին։ Նա Ուլան Բատոր կայցելի սեպտեմբերի 3-ին՝ Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխի հրավերով եւ կմասնակցի 1939 թվականին Խալխին Գոլի մոտ Ճապոնիայի կայսերական բանակի դեմ խորհրդային եւ մոնղոլական զորքերի տարած համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։
Սա կլինի Պուտինի առաջին այցը ՄՔԴ Հռոմի կանոնադրությունը ստորագրած ու վավերացրած երկիր։
ՄՔԴ-ն ՌԴ նախագահին ձերբակալելու որոշում կայացրել էր 2023 թվականի մարտին՝ ուկրաինացի երեխաների դեպորտացիայի մեղադրանքով։