Ուկրաինայի արտգործնախարարությունը Մոնղոլիայի իշխանություններին կոչ է արել կատարել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը եւ ձերբակալել Վլադիմիր Պուտինին, ով մտադիր էր սեպտեմբերի 3-ին այցելել այդ երկիր։
Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ուկրաինական կողմը նշում է, որ Պուտինը ռազմական հանցագործ է եւ հույս է հայտնում, որ Մոնղոլիայի կառավարությունը, որը վավերացրել է Հռոմի կանոնադրությունը, «գիտակցում է այդ փաստը»։
«Ուկրաինացի երեխաների տեղահանումը բազմաթիվ հանցագործություններից մեկն է միայն, որի համար Պուտինը եւ Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության մյուս անդամները պետք է կանգնեն արդարադատության առջեւ։ Այս անձինք մեղավոր են Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի, ուկրաինացի ժողովրդի դեմ ոճրագործությունների, սպանությունների, բռնաբարությունների, կողոպուտների, քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծման եւ ցեղասպանության մեջ»,-ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության տեքստում։
Կիեւը Ուլան Բատորին կոչ է արել կատարել միջազգային պարտադիր ձերբակալման օրդերն ու Պուտինին տեղափոխել Հաագայի դատարան։
Նշենք, որ Վլադիմիր Պուտինի՝ Մոնղոլիա կատարելիք այցի մասին Կրեմլը հայտարարել է օգոստոսի 29-ին։ Նա Ուլան Բատոր կայցելի սեպտեմբերի 3-ին՝ Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխի հրավերով եւ կմասնակցի 1939 թվականին Խալխին Գոլի մոտ Ճապոնիայի կայսերական բանակի դեմ խորհրդային եւ մոնղոլական զորքերի տարած համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։
Սա կլինի Պուտինի առաջին այցը ՄՔԴ Հռոմի կանոնադրությունը ստորագրած ու վավերացրած երկիր։
ՄՔԴ-ն ՌԴ նախագահին ձերբակալելու որոշում կայացրել էր 2023 թվականի մարտին՝ ուկրաինացի երեխաների դեպորտացիայի մեղադրանքով։