Երեկ՝ օգոստոսի 30-ին, Երեւանում հորդ անձրեւ տեղաց, որի հետեւանքով փողոցները հեղեղվեցին։ Որոշ ավտոմեքենաներ մնացել էին ճանապարհներին, քաղաքացիներին օգնության էին հասել փրկարարներն ու պարեկները։
Սովորաբար, հորդ անձրեւներից հետո Երեւանում նման իրավիճակ է ստեղծվում։ Թեեւ քաղաքային իշխանությունն ընտրությունից առաջ քաղաքացիներին ասում էր՝ «Ասե՛ք, կանենք», այդուամենայնիվ, մայրաքաղաքում բազմաթիվ հարցեր մնում են չլուծված՝ այդ թվում ջրահեռացման խնդիրը։
Ֆեյսբուքյան բազմաթիվ զայրացած օգտատերեր գրառումներ են արել՝ նշելով՝ մայրաքաղաքում անձրեւից հետո ջրհեղեղ է լինում։
Ջրահեռացման համակարգն այնքան անարդյունավետ է աշխատում, որ անձրեւաջուրը լցվել էր նաեւ Մաշտոցի պողոտայի գետնանցումում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետ։
Օգոստոսի 31-ին Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը ստացել է 670 ահազանգ․ հեռացվել է 276 տոննա ջուր, արգելափակումից դուրս է բերվել 55 մեքենա։ Զոհեր եւ տուժածներ չկան։
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում բացատրում է՝ հեղեղված փողոցներում երթեւեկող ավտոմեքենաները կարող են էեկտրականության հետ կապված խնդիրներ ունենալ, որը վերանորոգելն, ի դեպ, բավական թանկ է։
«Երբ մեքենան աշխատում է, պետք է դրանից արտանետվող գազն անարգել դուրս գա խլացուցիչից (глушитель), իսկ երբ այն հայտնվում է ջրի մեջ, շարժիչը, բնականաբար, այլեւս չի աշխատում։ Հետեւաբար, այն օրերին, երբ փողոցները հեղեղվում են, ցանկալի է, որ վարորդները ավտոմեքենան առժամանակ կայանեն փոքր-ինչ բարձրադիր վայրում, որպեսզի այն չհայտնվի արգելափակման մեջ»,- բացատրում է Տիգրան Քեյանը։
Այսուամենայնիվ, որոշ իրավիճակներում վարորդները չեն կարող ավտոմեքենան կայանել, ուստի անցանկալի վիճակները դառնում են անխուսափելի։
Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն անձրեւի ժամանակ դրսում է եղել։
«Չէինք կարողանում փողոցն անցնել, մարդիկ կառչում էին ավտոմեքենաներին, որ կարողանան տեղաժարժվել։ Ես խուճապահար էի, իսկապես վախենում էի․․․»,- ասում է ավագանու անդամը։
Ըստ նրա՝ այս վիճակի պատասխանատուն միայն Երեւանի քաղաքապետարանը չէ։ Ջրահեռացման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է։ Այն պետք է կառավարի ջրահեռացման համակարգի շահագործումը, որը շատ հին է։ Եթե սա լիներ միայն հեղեղատարերի խցանման հետեւանքով, կարելի էր մեղադրել «Վեոլիա ջուր» ընկերությանը, բայց խնդիրը շատ խոր արմատներ ունի։
Բանն այն է, որ մայրաքաղաքում վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ քաղաքաշինական եւ ինժեներական փոփոխություններ են եղել։ Հարյուրավոր շենքեր են կառուցվել, իսկ ջրահեռացման հին համակարգն այլեւս արդյունավետ չի աշխատում։
«Հեղեղատար Գետառն էլ ժամանակին փակեցին, թեեւ մասնագետները զգուշացնում էին, որ չի կարելի նման բան անել, քանի որ Երեւանը կարող է ջրի տակ անցնել։ Հիմա անհրաժեշտ է հանձնաժողով ստեղծել, որի կազմում ներգրավված կլինեն քաղաքաշինության մասնագետներ, ինժեներներ։ Քաղաքապետարանը չի կարող այս հարցը միայնակ լուծել։ Հարկավոր է պատասխանատու կառույցներին հրավիրել, քննարկում սկսել, որից հետո յուրաքանչյուրն իր գործը պիտի անի»,- նշում է Իզաբելլա Աբգարյանը։
Ըստ նրա՝ հեղեղատար համակարգերի բարեկարգման եւ կառուցման համար պետք է ոչ միայն համայնքային բյուջեից գումար տրամադրվի, այլեւ հարկ եղած դեպքում Կառավարությունը պետք է աջակցի, քանի որ սա, իսկապես, հրատապ լուծման կարիք ունեցող խնդիր է։ Ընդ որում, միայն ջրահեռացման համակարգը չէ, որ այսչափ անարդյունավետ է աշխատում։ Կոյուղատար համակարգերը եւս հնացած են ու չեն բավարարում այսքան շենքեր ու բնակչություն ունեցող քաղաքին։ Աբգարյանը մտահոգ է․ եթե այս հարցերը չլուծվեն, մի օր էլ կոյուղաջրերն են փողոց լցվելու։
«Ջրահեռացման համակարգը կարգի բերելու համար ահռելի ֆինանսական միջոցներ են պետք, բայց պիտի հասկանանք՝ այս աշխատանքը կատարելն անհրաժեշտություն է։ Ո՞ւմ է պետք մետրոյի նոր կայարանը, ինչո՞ւ են արվում այս միլիարդավոր ծախսերը, եթե քաղաքի ենթակառուցվածնքերը նորմալ չեն աշխատում։ Այս հեղեղումների պատճառով շենքերի հիմքերն էլ են վնասվում, նկուղները ջուր է լցվում։ Մենք բնական աղետի վտանգի առաջ ենք կանգնած»,- մանրամասնում է Իզաբելլա Աբգարյանը։
Իրավաբան, ուրբանիստ Սրբուհի Ղազարյանը բացատրում է՝ 90-ական թվականներից հետո Երեւանում բնական դրենաժային համակարգերն ավերվում են։ Նորքի այգիները, հաղթանակ զբոսայգին ու դրան հարակից տարածքները Երեւանի թոքերն են։ Դրանք նաեւ հեղեղատար ֆունկցիա ունեն։ Այդ տարածքներում կառուցապատում իրականացնելով՝ մայրաքաղաքը զրկվում է բնական ջրատար համակարգերից։
Բացի այդ՝ ճարտարապետական այդ խտությունն անթույլատրելի է մեր սեյսմիկ գոտու համար։ Նույնիսկ ժայռերն են ջարդում ու դրանց վրա շենքեր կառուցում, մինչդեռ դրանք անհրաժեշտ են, որ մենք նաեւ քաղցրահամ ջրի պաշարներ ունենանք։ Այլ կերպ ասած՝ ժայռերը խմելու ջրի գոյացման աղբյուր են։ Դրանք ջուրը կլանող ֆունկցիա ունեն։ Եվ հենց դրա շնորհիվ է քաղցրահամ ջուրը քարերի ու ժայռերի միջից հոսում։ Գառնու մայր ջրատարն ասվածի վառ օրինակն է։
Երեւանն այսպես ասած՝ փոսի մեջ է։ Դրենաժային բնական համակագերը՝ ժայռերը, այգիները, հողատարածքները պիտի շատ լինեն, որ ջուրը ներծծելու տեղ ունենա։
Կենդանաբանական այգի տանող ճանապարհի աջ ու ձախ կողմերում՝ ժայռերի վրա, բազմաբնակարան շենքներ են կառուցված։ Ըստ Սրբուհի Ղազարյանի՝ 5-8 բալանոց երկրաշարժի դեպքում այդ շենքերը կարող են փլուզվել։
«Մայրաքաղաքի ամենաբարձր եւ ամենացածր կետերի միջեւ 500 մետր տարբերություն կա։ Երեւանն Ամստերդամը կամ Նյու-Յորքը չէ, որ այսպիսի մեծ ծավալներով շինարարություն անեն։ Օրինակ՝ Նյու-Յորքի կենտրոնական այգին այնքան մեծ է, որ ահռելի քանակով թթվածին է արտադրում, բացի այդ՝ դրա դիրքն էլ է թույլ տալիս որ շենքերը խիտ լինեն։ Իսկ Երեւանում եղած ծառերն էլ են կտրում եւ անվերջ շենքեր կառուցում։ Այսպես դանդաղորեն սպանում են քաղաքը»,- երզափակում է Սրբուհի Ղազարյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։