Հայաստանի կառավարությունը ամենօրյա աշխատանք է տանում Ադրբեջանում պահվող հայ գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի ուղղությամբ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել է, Հայասատանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը վերաբեդվում է նաեւ գերիների ու պահվող անձանց վերադարձին, ինչը իր խոսքերով, ցավալիորեն շրջանցում են ռուս գործընկերները փաստաթղթի մասին խոսելիս։
«Եթե եռակողմ հայտարարություններն են հիմքը, եւ եռակողմ հայտարարություններն ուզում ենք արժեւորել, պետք է գնանք, սկսենք առաջին հոդվածից կարդալ, տեսնել, թե ով ինչ աշխատանք պետք է իրականացներ, որ չի իրականացրել: Գերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցը մեզ շատ մտահոգում է: Մենք այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանք ենք իրականացնում: Ես հասկանում եմ, որ այդ աշխատանքը չի երեւում, և դա այդ աշխատանքի առանձնահատկությունն է»,-ասել է ՀՀ վարչապետը։
Անդրադառնալով 2023 թվականի սեպտեմբերին տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքին, Փաշինյանը նշել է, որ այն ընկալումներով, որոնցով Լեռնային Ղարաբաղի մի խումբ հայրենակիցներ փորձում են ձեւակերպել հարցը, «իրատեսական չի համարում» վերադարձը։