Որոշ երկրների դեսպանատներ չեն ընդունում Արցախից բռնագաղթած քաղաքացիների դիմումները եւ վիզա չեն տրամադրում։ Դրանց թվում են Լեհաստանը, Լիտվան, Չեխիան, Իսպանիան։
Արցախից բռնի տեղահանված Լիզա Մաթեւոսյանը դիմել է Լիտվիայի դեսպանատուն վիզա ստանալու համար, բայց նույնիսկ անհրաժեշտ փաստաթղթերը չեն ընդունել՝ պարզաբանելով, որ իրենց երկրի ԱԳՆ-ն 070 կոդով անձնագրերը չվերցնելու որոշում ունի։ 070-ն Արցախի Հանրապետության անձնագրերի կոդն է։
Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասում է՝ գարնանից ահազանգեր է ստանում քաղաքացիներից այս խնդրի վերաբերյալ։ Իհարկե, կան երկրներ (օրինակ՝ Ֆրանսիա, ԱՄՆ), որոնց դեսպանատներն Արցախից բռնագաղթածներին անխոչընդոտ վիզա են տրամադրում։
«Արցախցիներին շենգենյան վիզա չտրամադրելու վերաբերյալ դիվանագիտական ներկայացուցչությունները քննարկել են հարցը, բայց խնդիրը դեռեւս չի լուծվել»,- մանրամասնում է Գեղամ Ստեփանյանը։
Քաղաքացու ծագման հիմքով վիզա չտրամադրելը միջազգային կոնվենցիայի եւ ներպետական օրենսդրության դրույթների խախտում է։ Ստացվում է՝ արցախցիների նկատմամբ խտրականություն են ցուցաբերում նրանց ծագման հիմքով։
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյան ասում է՝ շենգենյան վիզա չտրամադրող պետությունների դեսպանատները չեն հիմնավորում, թե ինչու են արցախցիներին մերժում։
«Սա անընդունելի է այն տեսանկյունից, որ խտրականությունը դրսեւորվում է ծագման հիմով: Իրենք ելնում են այն կանխավարկածից, որ եթե մարդը 070 կոդով անձնագիր ունի, գնալու է, ժողովրդի լեզվով ասած՝ հանձնվելու է այդ երկրում ու չի վերադառնալու Հայաստան, այսինքն՝ չի պահպանելու օրենսդրությունը։ Ուստի, միանգամից բոլորին մերժում են, խախտում մարդկանց իրավունքները»,- մանրամասնում է Արտակ Բեգլարյանը։
Ընդ որում, ինչպես Հայաստանն, այնպես էլ վիզա չտրամադրող այս երկրներն, ընդունել են փախստականների կոնվենցիան, հետեւաբար արցախցիների նկատմամբ նման վերաբերմունքն անընդունելի է։ Ավելին՝ դեսպնատուն դիմած քաղաքացիների փաստաթղթերը չընդունելն իրավախախտում է։
«Նրանք պարտավոր են դիմումն ընդունել։ Դիմումը չվերցնելով՝ փակուղու մեջ են գցում մարդուն, որ նա չկարողանա փաստաթղթերով հիմնավորել, որ մերժել են, չկարողանա դիմել դատարան: Պետք է հասնենք նրան, որ գոնե դիմումներն ընդունեն, հետո նոր մերժեն՝ պաշտոնապես հիմնավորելով, թե ինչու են մերժում»,- բացատրում է Արտակ Բեգլարյանը։
Նա նկատում է՝ այս խնդիրը երկար ժամանակ չի լուծվում, իսկ Հայաստանի ԱԳՆ-ն հրապարակային դիրքորոշում չի հայտնել։
«ԱԳՆ-ի կատարած աշխատանքը բավարար չէ։ Լրատվամիջոցներին ԱԳՆ-ից հայտնել էին՝ այս հարցը քննարկման ընթացքում է, իրենք զբաղվում են դրանով։ Այսինքն՝ ընդունում են, որ խնդիրն առկա է։ Նրանք պիտի ջանքեր գործադրեն, որ այս խնդիրը լուծվի»,- ասում է Բեգլարյանը։
«Ալիք Մեդիան» տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել ԱԳՆ-ին վերոնշյալ խնդրի վերաբերյալ՝ փորձելով պարզել, թե դիվանագիտական ներկայացուցչությունների հետ քննարկումները որ փուլում են, ինչ արդյունք են տվել, երբ կլուծվի այս խնդիրը եւ քանի քաղաքացի վիզա չի ստացել՝ անձնագրի 070 կոդով պայմանավորված։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։