ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ եթե Հայաստանի իշխանությունները ցանկանում են ուղիղ բանակցություններ Ադրբեջանի հետ առանց Ռուսաստանի մասնակցության՝ երկու երկրների հարաբերություններում առկա ճգնաժամը կարգավորելու համար, ապա «ի սեր Աստծո»։ Այս մասին փոխանցում է TACC գործակալությունը։
«Մենք հիմա անհանգստացած ենք, որ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի մի քանի գագաթնաժողովներում կնքված եռակողմ համաձայնագրերը նույնպես տապալվել են։ Ես նշեցի տրանսպորտային կապի վերագործարկման մասին եւ նշեցի նաեւ եռակողմ հանձնաժողովը, որը զբաղվում էր դրանով, բայց այն գործնականում այլեւս չի հավաքվում։ Երեւանը կարծում է, որ որ դա պետք է արվի ուղղակիորեն Ադրբեջանի հետ, բայց եթե դա հաջողվի, ապա ի սեր Աստծո»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում ուսանողների ու դասախոսների հետ անցկացրած հանդիպմանը։
Լավրովը նաեւ նշել է, որ պետական սահմանի սահմանազատման հարցում Ռուսաստանի Դաշնությունը պետք է խորհրդակցություններ անցկացնի այս գործընթացի մասնակիցների միջեւ, սակայն դա տեղի չի ունենում։
«Միեւնույն ժամանակ անընդհատ ձգտում են ներգրավել Արեւմուտքին, ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Փարիզին, որպեսզի նրանց հովանավորությունն ապահովեն ցանկացած գործընթացի վրա։ Դա իրենց ընտրությունն է, բայց դա անհրաժեշտ է բանակցել, առաջին հերթին, ադրբեջանցի հարեւանների հետ, այլ ճանապարհ չկա»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ բանակցություններն այժմ տարվում են երկկողմ ձեւաչափով եւ այս ընթացքում որոշակի արդյունավետություն կա։ Վարչապետը նաեւ ընդգծել էր, որ «քանի դեռ երկկողմ ձեւաչափով կարողանում ենք առաջ ընթանալ, կարծում եմ ճիշտն այդ ձեւաչափն է»: