Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր՝ սեպտեմբերի 2-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն հանդիպման ընթացքում կարեւորվել է Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունները, ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների միջեւ պարբերական շփումների արդյունավետությունը:
Վրաստանի վարչապետը ողջունել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության զարգացումն ու իր լիակատար աջակցությունն է հայտնել այդ գործընթացին:
Սուրեն Պապիկյանն էլ փոխադարձաբար կարեւորել է պաշտպանության ոլորտում փոխգործակցության զարգացումը, փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնները:
«Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն եւ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդգծել են տարածաշրջանում երկարատեւ եւ կայուն խաղաղության հաստատման կարեւորությունը»,-ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Նաեւ նշվում է, որ վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին:
Հանդիպմանը ներկա էր եղել նաեւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։