Թուրքական իշխանությունները մի քանի ամիս առաջ դիմել են BRICS միջպետական տնտեսական կառույցին միանալու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Ինչպես նշել է գործակալությունը, այս կերպ Թուրքիան փորձում է ամրապնդել իր ազդեցությունն աշխարհում եւ ընդլայնել կապերը զարգացող երկրների հետ։ Բացի այդ, BRICS-ի նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է Եվրամիությանն անդամակցելու հարցում առաջընթացի բացակայության եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ տարաձայնությունների ֆոնին։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Արեւմուտքը կորցնում է աշխարհաքաղաքական կենտրոնի իր դիրքը եւ շահագրգռված է զարգացնել հարաբերությունները բազմաբեւեռ աշխարհի տարբեր խաղացողների հետ։ Գործակալության տվյալներով՝ ասոցիացիայի ընդլայնման հարցը կարող է քննարկվել BRICS-ի առաջիկա գագաթնաժողովում, որը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը Կազանում։
BRICS-ը հիմնադրվել է 2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի կողմից, որին Հարավային Աֆրիկան միացել է 2011 թվականին:
2024 թվականի հունվարի 1-ին Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան եւ Եթովպիան դարձան ասոցիացիայի լիիրավ անդամներ։