Գազայի հատվածում հրադադարի հաստատման եւ պատանդառվածների ազատ արձակման շուրջ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին Պիտսբուրգ (Փենսիլվանիա) մեկնելուց առաջ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հաստատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Մենք դեռ բանակցություններ ենք վարում», — ասել է նախագահը՝ պատասխանելով այն հարցին, թե ավելին ի՞նչ է պետք անել Գազայի հատվածում հրադադարի հաստատման եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդառվածների ազատ արձակման համար:
Երկուշաբթի օրը Բայդենը հայտարարել էր, որ միջնորդները «շատ մոտ են», որպեսզի շաբաթվա ընթացքում ներկայացնեն Գազայի հատվածում հրադադարի հաստատման շուրջ պայմանավորվածությունների նոր ու վերջնական տարբերակը։
Բացի այս Բայդենը քննադատության էր ենթարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ կարծիք հայտնելով, որ նա բավարար ջանքեր չի գործադրում ՀԱՄԱՍ-ի հետ նոր պայմանավորվածությունների հասնելու համար։ Իսրայելի վարչապետն էլ ավելի ուշ մամուլի ասուլիսում մերժել էր ԱՄՆ նախագահի դիրքորոշումը՝ կարծիք հայտնելով, որ Բայդենն այդպիսով սխալ ազդանշան է ուղարկում ՀԱՄԱՍ-ին։
Լրագրողները նախօրեին Բայդենից նաեւ կարծիք են խնդրել Նեթանյահուի ասուլիսում հնչեցրած խոսքերի վերաբերյալ։ «Մենք դեռեւս ներգրավված ենք բանակցություններում ոչ թե նրա, այլ Կատարի եւ Եգիպտոսի իմ գործընկերների հետ», — պատասխանել է ԱՄՆ նախագահը՝ ձեռնպահ մնալով հետագա մեկնաբանություններից ու բացատրություններից։
Ինչպես սեպտեմբերի 1-ին հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին, Բայդենը մտադիր է առաջիկա օրերին ներկայացնել Գազայում հրադադարի հաստատման շուրջ գործարքի վերջնական տարբերակը։ Այս պլանների մասին սեպտեմբերի 1-ին հայտարարել է Ազգային անվտանգության գծով նախագահի օգնական Ջեյք Սալիվաը՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող ԱՄՆ քաղաքացիների ընտանիքների հետ առցանց հանդիպման ժամանակ։ Բացի այս Բայդենը սեպտեմբերի 2-ին Գազայի հատվածի բանակցություններում ներգրավված դաշնային կառավարության առանցքային գործիչների հետ հանդիպմանը քննարկել է այս ուղղությամբ գործադրվող ջանքերը: Նրանց թվում են եղել պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը եւ Սալիվանը։ Ակնկալվում է, որ Իսրայելը եւ Համասը մեկ շաբաթ ժամանակ կունենան Բայդենի նոր առաջարկին արձագանքելու համար, նշել է Axios պորտալը։