Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Թբիլիսին պատրաստ է Երեւանին կիվսել Եվրամիության ինտեգրման իր փորձով։ Այս մասին հայտնում է Վրաստանի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։
«Նիկոլոզ Սամխարաձեն եւս մեկ անգամ նշել է, որ վրացական կողմը պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ օգնել Հայաստանին՝ կիսվելով ԵՄ-ին ինտեգրվելու իր փորձով»,- ասվում է հաղորդագրության տեքստում։
Երեւանում կայացած հանդիպմանը Սամխարաձեն եւ Միրզոյանը քննարկել են երկկողմ օրակարգը, ռազմավարական գործընկերության կարեւորությունը եւ տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգության թեմային եւ այն քայլերին, որոնք կնպաստեն տարածաշրջանում կայուն եւ խաղաղ միջավայրի ստեղծմանը։
Միրզոյանը նաեւ աջակցություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
ՀՀ ԱԳ նախարարության փոխանցմամբ էլ կողմերը լ տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակելիս անդրադարձել են նաեւ տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում ձեւավորված տեսլականին՝ հիմնված հանրահայտ սկզբունքների վրա եւ արտացոլված «Խաղաղության խաչմերում» ծրագրում:
«Մենք հիրավի գտնվում ենք կարեւոր խաչմերուկում, եւ տարածաշրջանային ծրագրերի ներառական կյանքի կոչումը շահեկան է թե՛ տնտեսական զարգացման, թե՛ կայունության ապահովման համատեքստում»,-ասել է նախարար Միրզոյանը:
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով դրա կնքման կարեւորությունը, այդ թվում՝ նաեւ տարածաշրջանային համատեքստում:
Սամխարաձեն երկուշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի այլ պատգամավորների հետ աշխատանքային այցով ժամանել է Երեւան։ Հայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել երկու երկրների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստ։ Վրացական պատվիրակությանը ընդունել է նաեւ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։