Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ արտահերթ «խորհրդարանական ընտրություններում «Նոր Ադրբեջան» («Յենի Ազըրբեյջան») կուսակցության ջախջախիչ հաղթանակի կապակցությամբ»։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահականը։
Դրանում նշվում է, որ Թուրքիայի նախագահն Բաքվի համար կարեւորել է ընտրությունների նշանակությունը՝ որպես առաջին խորհրդարանական ընտրություններ, որոնք անցկացվել են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ամբողջական վերահսկողության հաստատումից հետո։
Էրդողանը նաեւ նշել է, որ ընտրություններն անցել են ազատ, բաց եւ ժողովրդավարական միջավայրում՝ արտահայտելով ադրբեջանական ժողովրդի կամքը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն Էրդողանն ու Ալիեւը մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ «եղբայրության եւ ռազմավարական դաշինքի հեռանկարների շուրջ»։
Նշենք, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության գնահատմամբ՝ սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին։
«Չնայած էֆեկտիվ գործընթացին՝ պայմանները թույլ չտվեցին ընտրություններն անցկացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան», — սեպտեմբերի 2-ին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Դիտմիր Բուշաթին՝ ներկայացնելով արձանագրված խախտումները։