Թուրքիան իրավունք ունի ընտրելու, թե որ միջազգային դաշինքներին միանա, սակայն նա դեռեւս ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է եւ պետք է հարգի համայնքի արժեքները։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, թե Անկարան մտադիր է միանալ BRICS-ին։
«Թուրքիան, ինչպես ցանկացած այլ պետություն, իրավունք ունի որոշել, թե որն է իր համար լավագույնը: Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, ապա Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկիր է, մենք ունենք մաքսային միություն եւ շատ լավ առեւտրային հարաբերություններ»,- ասել է Ստանոն:
Նրա խոսքով՝ թեկնածու երկրները պետք է հարգեն ԵՄ արժեքներն ու համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները։
«Մենք ակնկալում ենք, որ թեկնածու պետությունները կկիսեն ԵՄ արժեքները եւ իրենց արտաքին քաղաքականությունը կհամապատասխանեցնեն մեր քաղաքականությանը։ ԵՄ անդամակցության թեկնածու երկրները պետք է իրենց քաղաքականությունները լիովին համապատասխանեցնեն մեր քաղաքականությանը, այդ թվում՝ առեւտրային համաձայնագրերի շրջանակներում իրականացվող քաղաքականությանը»,-հավելել է Ստանոն։