Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Մոնղոլիա։ Պաշտոնական այցը տեղի է ունենում Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխի հրավերով։
Սա Պուտինի առաջին այցն է Հռումի ստատուտը վավերացրած եւ Միջազգային քրեական դատարանի լիազորությունը ճանաչող երկիր՝ 2023 թվականից հոտ, երբ դատարանը հրապարակեց ՌԴ նախագահին ձերբակալելու վճիռը՝ Ուկրաինա ներխուժելուց հետո իրագործած ռազմական հանցագործությունների համար։
Երեքշաբթի առավոտյան ՌԴ նախագահը ժամանել է Ուլան Բատորի կենտրոն՝ Մոնղոլիայի նախագահի հետ պաշտոնական հանդիպման համար։ Դիմավորման արարողություններից հետո Պուտինն ու Խուրելսուխին Պետական պալատի ներսում տեղակայված մոնղոլական յուրտում բանակցություններ են վարել երկկողմ ձեւաչափով, որին հաջորդել են արդեն ընդարձակ կազմով բանակցությունները։
Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն ի թիվս այլ հարցերի, Պուտինն ու Մոնղոլիայի նախագահ Խուրելսուխը քննարկել են Ռուսաստանի Դաշնությունից Չինաստան գազատարի կառուցման մասին։
Այցից մեկ օր առաջ մոնղոլական Onoodor թերթին տված հարցազրույցում ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Մոնղոլիան կկարողանա շուտով օգտվել երկրի տարածքվ անցնող «Սոյուզ Վոստոկ» Ռուսաստան-Չինաստան 960 կմ երկարություն ունեցող գազամուղից։
Պուտինն Ուլան-Բատորում նաեւ հայտարարել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները «զարգանում են դինամիկ», իսկ նախագահ Խուրելսուխի հետ խոսել են «ամենահրատապ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների մասին»՝ չհստակեցնելով, թե կոնկրետ, որ թեմաների շուրջ է ծավալվել զրույցը։
Ռուսաստանի նախագահը, մասնավորապես, մասնակցելու է 1939 թվականին Խալխին Գոլ գետի վրա Ճապոնական կայսրության բանակի նկատմամբ խորհրդային եւ մոնղոլական զորքերի համատեղ հաղթանակի տարելիցին նվիրված տոնակատարություններին։
Պուտինը հայտարարել է, որ ուրախ է Խալխին Գոլի վրա հաղթանակի 85-ամյակը մոնղոլ ընկերների հետ նշելու համար։ Նա հիշեցրել է, որ 1939 թվականին, հավատարիմ իր դաշնակցային պարտքին, ԽՍՀՄ-ն անմիջապես արձագանքել է ճապոնական ներխուժումից հետո Մոնղոլիայի կառավարության օգնության խնդրանքին։
Ուլան Բատոր Պուտինի ժամանելուց անմիջապես հետո, Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակ Գեորգի Տիխին հրապարակած հայտարարության մեջ դատապարտել է Մոնղոլիայի իշխանությունների Ռուսաստանի նախագահին չկալանավորելու որոշումը։
«Մոնղոլիայի կառավարության կողմից Պուտինի նկատմամբ ՄՔԴ-ի պարտադիր ձերբակալման հրամանը չկատարելը ծանր հարված է Միջազգային քրեական դատարանին եւ միջազգային քրեական իրավունքի համակարգին: Մոնղոլիան թույլ տվեց մեղադրյալ հանցագործին փախչել արդարադատությունից՝ դրանով իսկ կիսելով իր ռազմական հանցագործությունների պատասխանատվությունը: Մենք կաշխատենք գործընկերների հետ՝ ապահովելու համար, որ դա ազդեցություն ունենա Ուլան Բատորի համար»,-ասվում է Ուկրաինայի արտգործնախարարության հայտարարության տեքստում։
Երկուշաբթի օրը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան անհանգստություն չունի, որ Պուտինը Մոնղոլիայում կձերբակալվի ՄՔԴ-ի որոշման համաձայն։
«Մոնղոլիայի հետ նման խնդիր չկա», — նրա խոսքերը մեջբերել է TACC-ը: