Պոլտավայի վրա ռուսական հրթիռային հարվածի հետեւանքով զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 180-ը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ քաղաքը գնդակոծվել է բալիստիկ հրթիռներով, որոնք հարվածել են Ուկրաինայի զինված ուժերի ուսումնական հաստատությանը եւ մոտակա հիվանդանոցին։
«Մասամբ ավերվել է Կապի ինստիտուտի շենքերից մեկը։ Մարդիկ են մնացել փլատակների տակ։ Շատերին հաջողվել է փրկվել։ Ավելի քան 180 մարդ է վիրավորվել։ Ցավոք շատերը մահացել են։ Այս պահի դրությամբ հայտնի է 41 մահվան դեպք։ Ցավակցում եմ նրանց բոլորի ընտանիքի անդամներին եւ հարազատներին»,-ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ փրկարարական աշխատանքներում ներգրավված են բոլոր օպերատիվ ծառայությունները։
«Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր հարվածից հետո առաջին րոպեներից օգնում են մարդկանց, ովքեր կյանքեր են փրկում»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Պոլտավայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ֆիլիպ Պրոնինն էլ հայտարարել է, որ քաղաքի վրա հրթիռային հարձակումից հետո շրջանում եռօրյա սուգ է հայտարարվել։