Վաշինգտոնը մոտ է JASSM հեռահար թեւավոր հրթիռները Կիեւին մատակարարելու պայմանավորվածությանը, սակայն Ուկրաինան պետք է սպասի, քանի որ ԱՄՆ-ին մի քանի ամիս կպահանջվի համապատասխան տեխնիկական խնդիրները լուծելու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներից ստացած տեղեկություններին։
Նշենք, որ JASSM հրթիռները մինչ այժմ նախատեսված են եղել միայն ԱՄՆ-ում մշակված ինքնաթիռների վրա կրելու համար, մասնավորապես՝ Ուկրաինայի կողմից ստացված F-16 կործանիչների վրա (յուրաքանչյուր ինքնաթիռ կարող է կրել երկու հրթիռ): Reuters-ի զրուցակիցներից մեկի խոսքով՝ փորձ է արվել հրթիռը պիտանի դարձնել այլ արտադրության կործանիչներով օգտագործման համար, սակայն տեղեկություններ չկան, թե ուկրաինական ավիացիայի մեջ առկա, որ տեսակի ինքնաթիռը կարող է հարմար լինել նման հրթիռների համար։ Ուկրաինական բանակը, ինչպես նշում է Reuters-ը, շահագործում են խորհրդային ՄիԳ-29, Սու-24 եւ Սու-27 տեսակի կործանիչներ։
Ռազմական վերլուծաբաններն ու փորձագետները նշում են, որ Ուկրաինային JASSM-ի մատակարարումը կարող է էապես փոխել հակամարտության ընթացքը, քանի որ Ռուսաստանի մեծ մասը կգտնվի ճշգրիտ կառավարվող զինամթերքի խոցման շառավղում։ Դրանք կկարողնան հասնեկ մինչեւ Վարոնեժ եւ Բրյանսկ։ Դա կարող է ստիպել ռուս զինվորականներին պլացդարմերը եւ մատակարարման համար անհրաժեշտ պահեստները տեղափոխել հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ դեպի երկրի խորք:
Հրթիռը դժավր է հայտնաբերվում ռադիոլոկացիոն կայանների կողմից եւ ունակ է թռչել առավել ցածր բարձրությունների վրա։ Սակայն ի տարբերություն բրիտանական Storm Shadow-ի եւ French Scalp-ի, այն նախատեսված չէ ամրացված բունկերներին հարվածելու համար: Reuters-ի փոխանցմամբ՝ JASSM հրթիռների երկու մոդիֆիկացիա կա։ Հին մոդելն ունի մոտ 370 կիլոմետր հեռահարություն, նորը՝ մոտ 800 կիլոմետր։
Օգոստոսին Politico-ն հայտնել էր, որ Ջո Բայդենի վարչակազմը «բաց» է Ուկրաինային հեռահար թեւավոր հրթիռներ մատակարարելու համար: Վարչակազմի պաշտոնյան նախազգուշացրել է, որ «դեռ շատ աշխատանք պետք է կատարվի» մինչեւ որեւէ հրթիռ հասնի Ուկրաինա, այդ թվում՝ համոզվել, որ Կիեւի ունեցած խորհրդային ժամանակաշրջանի ինքնաթիռները եւ F-16-ները կարող են հրթիռներ արձակել ավելի քան 350 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախների ուղղությամբ: