Միացյալ Նահանգները մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նոր ղեկավար Յահյա Սինվարին եւ պաղեստինյան շարժման այլ բարձրաստիճան անդամներին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայել ներթափանցման ժամանակ ամերիկացի քաղաքացիների սպանության համար: Այդ մասին ասվում է երեքշաբթի օրը Նյու Յորքի հարավային շրջանի դատարանի էլեկտրոնային տվյալների բազայում հրապարակված փաստաթղթերում։
Մեղադրյալների թվում են նաեւ ՀԱՄԱՍ-ի արտասահմանյան երկրների հետ հարաբերությունների ազգային բյուրոյի ղեկավար Ալի Բարաքան, արտերկրում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչության ղեկավար Խալեդ Մեշալը, շարժման մարտական թեւի՝ «Իզզ ալ-դին ալ-Քասամ բրիգադ» խմբավորման հրամանատարի տեղակալ Մարվան Իսան, ՀԱՄԱՍ-ի ռազմական ղեկավար Մուհամմեդ ալ-Դեյֆը եւ շարժման քաղբյուրոյի նախկին ղեկավար Իսմայիլ Հանիեն, ով սպանվել էր հուլիսին Թեհրանում։
Նրանք մեղադրվում են յոթ հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն, ԱՄՆ քաղաքացիների սպանության դավադրություն եւ զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու նպատակով կազմակերպված դավադրություն, որը հանգեցրել է մահվան:
Իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի հարավային շրջաններ ՀԱՄԱՍ շարժման զինված խմբավորումների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ եւ ավելի քան 240 մարդու պատանդառությամբ։ Արդյունքում Իսրայելական բանակը որպես պատասխան շրջափակեց Պաղեստինի Գազայի հատվածը եւ լայնածավալ ցամաքային ու օդային ռազմական գործողություններ սկսեց՝ հայտարարելով, որ դրա գլխավոր նպատակը ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն է, պատանդների ազատ արձակումը եւ Գազան Իսրայելի համար անվտանգ շրջան դարձնելը։