Վրաստանի, Ադրբեջանի, Ռումինիայի եւ Հունգարիայի էլեկտրաէներգիայի բաշխման ընկերությունները համաձայնագիր են ստորագրել համատեղ արտադրական կայան ստեղծելու մասին, որը կլինի Սեւ ծովի հատակին էլեկտրական մալուխի անցկացման նախագծի մի մասը։ Այս մասին հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։
Հաղորդագրության տեքստում նշվում է, որ սեպտեմբերի 3-ին Բուխարեստում կայացել է «Կանաչ էներգետիկ միջանցք» նախագծին մասնակցող երկրների նախարարների հանդիպումը։ Հանդիպմանը Ադրբեջանը ներկայացրել է էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, Ռումինիան՝ էներգետիկայի նախարար Սեբաստիան-Յոան Բուրդուջան եւ Ռումինիայի կառավարության գլխավոր քարտուղար Միրչա Աբրուդան, Վրաստանը՝ առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ Կայուն զարգացման նախարար Լեւան Դավիթաշվիլին, Հունգարիան՝ արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Պետեր Սիյարտոն:
Համատեղ արտադրություն ստեղծելու մասին համաձայանագիրը ստորագրվել է չորս երկրների ներսում էլեկտրաէներգիայի բաշխմամբ զբաղվող ընկերությունների հանդիպման ժամանակ։
Ադրբեջանի, Հունգարիայի, Վրաստանի եւ Ռումինիայի կառավարությունները 2022 թվականի դեկտեմբերի 17-ին Բուխարեստում համաձայնագիր են ստորագրել կանաչ էներգիայի զարգացման եւ մատակարարման ոլորտում ռազմավարական գործընկերության մասին։ Այն ենթադրում է մալուխի անցկացում Սեւ ծովի հատակի երկայնքով՝ 1 ՄՎտ հզորությամբ էլեկտրաէներգիա փոխանցելու համար։ Գիծը կունենա 1195 կմ երկարություն եւ նախատեսված է Ադրբեջանում արտադրված էլեկտրաէներգիան Վրաստանի եւ Սեւ ծովի միջոցով դեպի Ռումինիա մատակարարելու համար, որը հետագայում կտեղափոխվի Հունգարիա եւ Եվրոպական այլ երկրներ: 2023 թվականի հունիսին Բուլղարիան հայտարարեց նախագծին միանալու իր մտադրության մասին։ Նախատեսվում է, որ մալուխի տեղադրումը կտեւի 3-4 տարի։